Ի՞նչ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը. Անդրանիկ Հովհաննիսյանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում
«Պատերազմից հետո Ադրբեջանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ նոր կառույց է ստեղծելու, որի մեջ ներգրավվելու է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այդ կառույցի շրջանակներում քննարկվելու է փախստականների հարցը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀ-ից արտաքսված Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով՝ Ադրբեջանի հաշվարկներով՝ ադրբեջանցի փախստականները 1 միլիոն են, ինչը չի համապատասխանում իրականությանը:
Անդրանիկ Հովհաննիսյանը վստահեցնում է, որ իր աղբյուրները շատ վստահելի են, ուղղակի այդ մարդկանց անձնական անվտանգությունը վտանգի տակ չդնելու համար՝ չի հնչեցնում նրանց անունները:
«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է, որ ադրբեջանցի փախստականները վերադառնան Հայաստան և Արցախ.
«Եթե Արցախի և Հայաստանի իշխանությունները չկարողանան ապահովել նրանց անվտանգ վերադարձը, ապա պետք է գումար փոխանցեն այդ փախստականներին, որով այդ հարցը կլուծվի։ Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ասաց, որ քննարկվում է փախստականների վերադարձի թեման։ Տեսեք՝ ինչ է անում վարչապետը․ նա միշտ գաղտնի համաձայնությունների մասին իր ելույթներում ասում է, բայց դա շատ կարճ է ներկայացնում, հետո միանգամից շեղում է թեման և ուրիշ բանի մասին է խոսում, իսկ հետո, երբ իր մոտ բարձրացնում են թեման, ասում են՝ ինչպե՞ս է դա տեղի ունենում, նա պատասխանում է՝ ի՞նչ է, դրա մասին նո՞ր եք իմացել, ես այդ մասին վաղուց բարձրաձայնել եմ, ինչո՞ւ նախկինում չէիք ասում։ Հիմա փախստականների վերադարձի հարցը կա։ Արցախ 40 հազար փախստական պետք է վերադառնա, դա համապատասխանում է ադրբեջանցիների փախստականների թիվին, որոնք 90-ականներին լքել են ԼՂԻՄ-ի տարածքը»:
Նրա խոսքով՝ ադրբեջանցի փախստականները տեղակայվելու են Արցախի բոլոր հատվածներում՝ հատկապես նախկին ԼՂԻՄ-ի տարածքներում.
«Ինչո՞ւ սրա մասին չի ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչո՞ւ է ասում, որ պետք է վերադառնան, բայց չի հստակեցնում՝ ինչ է քննարկվում»:
Անդրանիկ Հովհաննիսյանն ասաց, որ այս ընթացքում ՀՀ գործող իշխանությունների դավաճանական քաղաքականության վերաբերյալ իր հրապարակումներից հետո ինքը մի քանի անգամ հրավիրվել է Ղազախստանի ԱԱԾ.
«Իմ ելույթներին շատ լավ հետևում են, ես դրա մասին տեղյակ եմ: Չի բացառվում է, որ ՀՀ ԱԱԾ-ն կապվում է Ղազախստանի ԱԱԾ, ուղղորդում է նրանց, որ հրավիրեն ինձ: Փաստն այն է, որ ինձ մի քանի անգամ հրավիրել են ԱԱԾ և ասել, որ նման հայտարարություններ չանեմ, կամ, եթե անում եմ, ապա շատ հստակ խոսեմ և հասկանամ, որ դա խնդիրների է բերելու իմ անվտանգությունը: Տեսեք, երբ դեռ ոչ ոք այդ մասին չէր խոսում, ես ասացի, որ հստակ զիջումներ են լինելու ՀՀ Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Այսօր կարող եմ նոր մարզ ավելացնել՝ Վայոց Ձորի մարզ. Նախիջևանի ուղղությամբ շատ շուտով այնտեղ էլ են զիջումներ տեղի ունենալու: Վարչապետը երեկվա իր հարցազրույցում հաստատեց, ասաց, որ փաստաթղթում դա չկա, բայց բանավոր համաձայնության ենք եկել. այստեղ հարց է առաջանում՝ է՞լ ինչ կա, որ չեք ասում, և մենք հետագայում պետք է իմանանք»:
Հարցին՝ պատերազմից առաջ մեզ հետ զրույցում պնդում էիք, որ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է և պետք է պատժվի իր գործերի համար, իր թիմակիցների գաղտնի հանդիպումների համար, վստահեցնում էիք, որ այդ հանդիպումներին մասնակցել է Արսեն Խառատյանը, որի անունը հրապարակեց ադրբեջանական մամուլը, և ևս 3 հոգի, որոնց անունները Դուք չնշեցիք՝ սեփական անվտանգությունից ելնելով. հիմա արդեն կարո՞ղ եք նշել այդ անձանց անունները և հանդիպումների մանրամասները, նա պատասխանեց.
«Ինչո՞ւ Արսեն Խառատյանը շտապ լքեց Հայաստանը և հայտնվեց ԱՄՆ-ում: Ինչո՞ւ ինձ դատի չի տալիս, եթե, օրինակ՝ ես սուտ տեղեկություն եմ հայտնում, ինչո՞ւ որևէ մեկը ինձ դատի չի տալիս Հայաստանում: Ինչո՞ւ են իմ մուտքը փակել և թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան, չէ՞ որ բազմիցս ասել եմ՝ թող ինձ թույլ տան վերադառնալ Հայաստան, և, եթե ես մեղավոր եմ, թող ապացուցեն և դատեն: Բայց դա տեղի չի ունենում: Մյուս անձինք արդեն ի հայտ են եկել և դատի են տալիս գործիչներին, ովքեր բացահայտում են այդ ամենը: Նույն Լիլիթ Մակունցն ինչո՞ւ ի հայտ եկավ 1 տարի հետո, ի՞նչ է նա փորձում ապացուցել, զրպարտության մասին է խոսում: Եթե զրպարտության մասին է խոսում, թող ինձ դիմի, չէ՞ որ ես էլ եմ այդ մասին խոսում: Ինչո՞ւ ինձ դատի չի տալիս:
Նույն Արմեն Գրիգորյանն է ի հայտ եկել, 1 տարի ինչո՞ւ էր լռում: Կան նաև այլ մարդիկ, իրենք էլ շուտով ի հայտ կգան և իրենք իրենց կմատնեն: Այդ մարդիկ արդեն վախից, կամ գուցե նյարդերը տեղի են տալիս, ի հայտ են գալիս և մատնում են իրենք իրենց: Շուտով այդ ամենը ապացուցվելու է, և բոլոր մեղավորները դատվելու են: 48 մլն դոլար, որ նրանք ստացել են, այդտեղ ծրագիր է եղել, որ պետք է հետապնդվեն Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները, և դա տեղի է ունենում: Ես ասել եմ, որ Արցախի շուրջ քննարկումներ են տեղի ունեցել, մինչ օրս որևէ մեկը չի հերքում իմ խոսքերը: Շատ հստակ ասում եմ՝ այո, տեղի են ունեցել գաղտնի հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, այդ հանդիպումների ընթացքում քննարկվել է Արցախի հարցը: Ադրբեջանական կողմն ասել է, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն որոշ տարածքներ, հայկական կողմը հաստատել է, որ՝ այո, 7 շրջանները վերադարձվելու են: Վարչապետի տիկնոջ գրառումներին ինչո՞ւ որևէ մեկը ուշադրություն չդարձրեց, իսկ նա ասել էր, որ պատերազմը պայմանավորված է եղել: Ես այդ գրառումը պահպանել եմ: Երբ մենք այս ամենը միացնում ենք՝ եղել են գաղտնի հանդիպումներ, պայմանավորվել են, որ տարածքներ պետք է զիջվեն, պայմանավորված պատերազմ է տեղի ունեցել, մենք կորցրել ենք մեր տարածքները և մոտ 5000 հերոսներ: Դե, թող հերքեն, եթե դա չի համապատասխանում իրականությանը»:
Նա ընդգծեց՝ հանդիպումները սկիզբ են առել Թբիլիսիում. «Դրանից հետո հանդիպումներ են եղել Արևելյան Եվրոպայի որոշ քաղաքներում, պարզվում է, որ՝ նաև Դուբայում: Ես կոնկրետ Դուբայի հանդիպման մասին տեղյակ չեմ, բայց Արթուր Վանեցյանն էլ ասաց, որ եղել է: ԱԱԾ նախկին տնօրենը հիմա ուղղակի պարտավոր է խոսել՝ անկախ ամեն ինչից, որովհետև մեր պետությունն ուղղակի կանգնած է կործանման եզրին: Հիմա բոլորս պարտավոր ենք խոսել, որպեսզի խանգարենք այդ դավաճանական ծրագրի մինչև վերջ իրականացմանը:
Այդ գաղտնի հանդիպումների շրջանակում, ըստ որոշ տեղեկությունների՝ Արցախի հանձնումը հետևյալ տեսքը պետք է ունենար՝ ոչ միայն 7 շրջանները պետք է հանձնվեին, այլև պատերազմի ընթացքում պետք է հանձնվեր ամբողջ Արցախը, որից հետո Հայաստանում պետք է սկսվեին հակառուսական ակցիաներ, ռեպրեսիա՝ ընդդիմության ներկայացուցիչների դեմ, ամբողջ մեղադրանքը գցվեր Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչների և Մոսկվայի վրա, որ Ռուսաստանն ուղղակի լռել է, չի օգնել Հայաստանին, և այդ պատճառով մենք կորցրել ենք Արցախը:
Դրանից հետո պետք է բարձրացվեր թեման, որ Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական ռազմաբազայից: Այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը պետք է գնար վրացական սցենարով՝ ամբողջությամբ պոկվեր Ռուսաստանից, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գար և մանրից անցներ Արևմուտքի ազդեցության տակ»:
Միջազգայնագետի խոսքով՝ առաջին հերթին, սա Լոնդոնի և Վաշինգտոնի խաղն է. «Ծրագիրը պատրաստվել է Լոնդոնում և Վաշինգտոնում և առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ: Այս 3 պետությունները ոչ միայն այս տարածաշրջանում, այլ ընդհանուր աշխարհում Լոնդոնի և Վաշինգտոնի հիմնական մրցակիցներն են, և այդ բոլոր պետությունները թյուրքալեզու ազգերի հետ իրենց ներսում ունեն խնդիրներ: Այդ ծրագրի շրջանակներում Հայաստանը խանգարում է իրենց և Հայաստանը ուղղակի պետք է վերանա: Ո՞նց պետք է վերանա. կամ Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթ, կամ ադրբեջանական մարզ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա տեղի չունենա, մենք պետք է խանգարենք: Իսկ որպեսզի խանգարենք, մեր դաշնակիցների հետ պետք է մեր հարաբերությունները զարգացնենք, ոչ թե վատացնենք, իսկ մենք ամեն ինչ հակառակն ենք անում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում