«Գերադասելի է գենետիկորեն չմոդիֆիկացված սնունդ գնել, բայց դա չի նշանակում, որ դրանից հետո կծնվի չորս գլխանի երեխա»

Գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը մարդու առողջությանը չի վնասում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը` մեկնաբանելով «Հայաստանի սպառողների ազգային ընկերակցության» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի այն հայտարարությունները, թե ամբողջ աշխարհում ցորենին սկսել են կարիճի գեն տալ, որպեսզի այն երաշտին դիմանա, ավելի դիմացկուն լինի ու ջուր քիչ վերցնի, և չի բացառվում, որ նման ցորեն ներկրվում է նաև Հայաստան:

«Ես փողոցով ման եմ գալիս, անգլուխ մարդ շատ եմ տեսնում, բայց չորս գլխանի մարդ չեմ տեսել: Այդ «վայ գիտնականները», շառլատանները ամեն օր հայտարարում են հեռուստացույցով, որ մեռելածին և հրեշածին երևույթներ է բերում գենետիկորեն մոդիֆիկացված սնունդը: Հրեշածին նշանակում է` երկու գլխանի մարդ:

Առաջին անգամ գենետիկորեն մոդիֆիկացված սննդի հետ կապված Նոբելյան մրցանակը ստացվել է 25 տարի առաջ: Ուրեմն` այդ երկու գլխանի մարդիկ արդեն փողոցում պետք է ման գային: Դրանք հիվանդ երևակայության արդյունք են: Ոչ մի գիտական հրապարակում, հոդված չկա գենետիկորեն մոդիֆիկացված սննդի վտանգի վերաբերյալ: Ոչ մի հատ չկա: Ամսագրեր շատ կան. կա «Ոզնի», «Պիոներ կանչ», նորաձևության մասին ամսագիր: Նորաձևության մասին ամսագրում կարող են գրել, որ գենետիկորեն մոդիֆիկացվածը բերում է առողջության վնասի, իսկ գիտական ամսագրում հոդվածը տպագրելուց առաջ հաստատվում են մի քանի երկրների գիտական կենտրոններ, որոնց դրական եզրակացության դեպքում միայն այն տպվում է այդ ամսագրում: Գիտական գրականության մեջ այդպիսի բան չկա. դա կա հիվանդ գլուխներում»,- ասաց Արմեն Պողոսյան:

Ըստ նրա` Եվրոպայում այդ խնդիրը վաղուց լուծված է. կան կառույցներ, որոնք զբաղվում են սննդի անվտանգության վերահսկմամբ: Բացի այդ, ըստ Արմեն Պողոսյանի, եվրոպական երկրներում գործում են համապատասխան օրենքներ, որոնց համաձայն` գենետիկորեն մոդիֆիկացված բաղադրիչներ պարունակող սննդամթերքի վրա պարտադիր պետք է նշվի դրանց առկայության մասին:

Կարդացեք նաև

«Եթե 0,9%-ից բարձր է, դա պարտավոր են տպել փաթեթի վրա, մակնշել: Եթե դա վնաս լիներ, արգելված կլիներ: Եվրոպայում ապրում է 500 միլիոնից ավելի մարդ, ու այնտեղ երկրի ղեկավարներն իրենց ժողովրդին չեն տանի դեպի այլասերում և կործանում: Այդ խնդիրը լուծված է վաղուց: Մակնշվում է, ու մարդը թող ընտրություն կատարի: Գերադասելի է` գենետիկորեն չմոդիֆիկացված սնունդ գնել, բայց դա չի նշանակում, որ դրանից հետո կծնվի չորս գլխանի երեխա»:

Անդրադառնալով հնչող այն տեսակետներին, թե Հայաստանում հացաբուլկեղենի շուկայում ամենաանվտանգը լավաշն է, Արմեն Պողոսյանը նշեց, որ դրանք անլուրջ արտահայտություններ են. «Այնտեղ, որտեղ տեխնոլոգիան պատշաճ պահպանում են, հացն անվտանգ է: Այդպիսի բան ոչ ոք չի կարող ասել: Հաց արտադրողներ մենք շատ ունենք: Ես չեմ կարող ասել` որն է պահպանում կանոնները, բայց այնտեղ, որտեղ տեխնոլոգիական պատշաճ կանոնները պահպանում են, այնտեղի հացն էլ լավն է: Դա չի կարող լինել հացի մենաշնորհը: Հարյուրավոր լավաշ արտադրողներ կան, մեկինը լավն է, մյուսինը` վատը: Լավաշն առանձնահատուկ բան չի: Ո՞նց կարող է լավաշը լինի լավ, մյուսը` վատ:

Եթե բարեխիղճ է այդ արտադրողը, ուրեմն` լավն է: Դա անտրամաբանական արտահայտություն է: Մի խոսքով, սա բարեխղճության հարց է, ոչ թե լավաշի առանձնահատկություն»:

Ըստ Արմեն Պողոսյանի` առհասարակ հացի շուկայում կատարվում են շատ մեքենայություններ, բայց հացի որակը, նրա գնահատմամբ, անհամեմատ լավացել է տասը տարի առաջ եղած որակից: «Շատ-շատ է լավացել հացի որակը, բայց կան շատ թերություններ: Մենք ունենք երկու պետական ծառայություն` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով և Սննդի անվտանգության պետական ծառայություն:

Պիտի նայեն, ուսումնասիրեն լաբորատոր փորձարկման եղանակով: Բայց հացի հարցում կա շատ մեծ ցավ` խաբեություն քաշի մեջ: Գինը թանկանում է: Մի քանի օր առաջ էլ է թանկացել: Գնի թանկացումն ունի տարբեր պատճառներ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ, բայց կա գնի նոմինալ թանկացում, կա կրիմինալ թանկացում: Կրիմինալ, այսինքն` քաշը կեղծում են, պակաս են տալիս, և ոչ մի մարդ չի կարող այդ յոթ գրամի կամ տասներկու գրամի տարբերությունը բացահայտել: Ես դիմել եմ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն, որ այդ հարցով մենք համատեղ ստուգայց կազմակերպենք և բացահայտենք այդ հացի կշռի կեղծիքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս