«Բնակչության 99 տոկոսը, անկախ իր վերաբերմունքից կրոնին, կարծում է, որ այդպիսի բանը սրբապղծություն է». Վազգեն Մանուկյան
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր բազմաթիվ քաղաքացիների հետ Սուրբ Գայանե եկեղեցում էր:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ լսել է եկեղեցու և վեհափառի դեմ հնչող հաշվեհարդարի կոչերը. «Դա նոր բան չէ. ոչ թե խոսքը մեր առաքելական եկեղեցու մասին է, այլ կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է իր ավանդույթները կոտրել:
Ավանդույթները՝ պատմությունն է, լեզուն է կրոնն է: Ինչ-որ մարդիկ դրսից փող են ստանում՝ այդ գործն այստեղ անելու համար»:
Դիտարկմանը, թե այսօր բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, նա արձագանքեց. «Որովհետև բնակչության 99 տոկոսը անկախ իր վերաբերմունքից կրոնին՝ հավատացյալ են, թե՝ոչ, կարծում են, որ այդպիսի բանը սրբապղծություն է: Եվ այստեղ հավաքվել են մարդիկ, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունն ու արժեքները»:
Անդրադառնալով երեկ՝Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղված ՀԱՊԿ քարտուղարի գաղտնի նամակին՝ Վազգեն Մանուկյանը ասաց. «Ես էլ եմ կարդացել այդ լուրը. Ինձ մոտ մեծ զարմանք չի առաջացրել, որովհետև ես գիտեմ մեր իշխանությունների մակարդակը: Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ»:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ բազմաթիվ քաղաքացիներ են այսօր հավաքվել Սուրբ Գայանե եկեղեցում են՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու:
Հիշեցնենք՝ այս օրերին համացանցում տարածվում էին եկեղեցու և վեհափառի հանդեպ հաշվեհարդարի կոչեր, որոնց անդրադարձել էր նաև Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ հորդորելով պահպանել հանդարտություն.
«Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել նման սադրիչ հայտարարություններից:
Ամենայն Հայոց Հայրապետի հայրական հորդորն է՝ տարեվերջյան Սուրբ Պատարագի արարողությունն անցկացնել խաղաղ մթնոլորտում և աղոթել հայրենի մեր երկրի անսասանության և ազգի միասնականության, անվտանգ ու ապահով կյանքի համար»:
Քաղաքացիների նախաձեռնեցին
«Կանգնի՛ր եկեղեցու կողքին» շարժումը: