«Ադրբեջանը թաքցնում է  բավականին շատ գերիների. կխուսափեմ թիվ նշելուց». Արտակ Բեգլարյան 

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գործադիրում  զբաղվելու է կարճաժամկետ ճգնաժամային կառավարման հարցերով:

Տեղեկությունը փոխանցել է ինքը՝ Ա.Բեգլարյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ չմանրամասնելով, թե նախագահի առաջարկով ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:

Ավելի վաղ 168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ԱՀ ՄԻՊ-ը՝ պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ու ԱՀ նախագահի առաջարկով պետք է նոր պաշտոն զբաղեցնի գործադիրում:

Նա հավելեց, որ կարճաժամկետ հարցերին անդրադառնալուց հետո միջնաժամկետ ու երկարաժամկետ հատվածների համար պետք է պլանավորեն և իրականացնեն բարեփոխումներ՝ նախագահի ծրագրին, հայտարարած կուրսին համապատասխան.

«Ես առավելագույնս պատրաստ եմ նախագահի գլխավորությամբ այդ բարեփոխումների աշխատանքներին լծվելու, որը նաև ծառայելու է մարդու իրավունքների պաշտպանությանը:

Կարծում եմ, որ (սա դեռևս որպես ՄԻՊ եմ ասում)  հիմա մի քանի առանցքային խնդիր կա, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել:

Գլխավոր ուշադրությունը պետական  համակարգը պետք է առավելագույնս դարձնի անվտանգային միջավայրի ռիսկերի նվազեցմանը:  Առաջին հերթին, օբյեկտիվ ռիսկերը պետք է նվազեն, այդ ուղղությամբ ՊԲ-ն աշխատանքներ է կատարում, այստեղ ռուս խաղաղապահների դերն էլ բավականին մեծ է, բայց այնքանով, որքանով մնացած մարմինները՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը կամ իրավապահ այլ մարմինները, հնարավոր այլ պատասխանատուներ պետք է բոլոր հնարավոր քայլերն անեն, որպեսզի արագորեն անվտանգային ռիսկերը նվազեցվեն, բացերը փակվեն, որից հետո քաղաքացիներն էլ իրենց ավելի ապահով կզգան: Սական այստեղ կարևոր է նաև հասարակության հետ բաց շփումը տեղեկատվական առումով էլ, քանի որ խնդիրների մի մասը սուբյեկտիվ են և պայմանավորված են հոգեբանական և տեղեկատվական ռիսկերով:

Դրանից հետո կան բազմաթիվ անօթևան անձինք, մեր հաշվարկներով՝ մինչև 40 հազար անձ անօթևան է մնացել միայն  ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով օկուպացված տարածքների պատճառով, որոնց զգալի մասն արդեն Արցախի Հանրապետությունում է, և նրանք ունեն լուրջ կարիքներ, առաջնահերթորեն՝ կացարանի խնդիր:  Իհարկե, ժամանակավոր կացարանի հարցը պետք է լուծել, ու այստեղ կառավարման խնդիրներն ակնհայտորեն քիչ չեն, որից հետո երկարաժամկետ ծրագրերով պետք են ավելի երկարաժամկետ խնդիրներ, այսինքն՝ բնակարանի հարց լուծել:

Նախագահն էլ հայտարարել է, ինչի համար ես ուրախ եմ, որ այդ անօթևան անձինք պետք է վերադառնան իրենց տները, այսինքն՝ պետք է հնարավորություն ստեղծվի, քաղաքական լուծումներով այնպես անել,  որ մեր՝ բռնազավթված տարածքները վերադարձվեն իրենց տերերին, և իրենք կարողանան իրենց տներում ապրել:  Բայց քանի որ այստեղ անորոշությունները շատ են, և կարող է երկար տևել, դրա համար՝ լուծումները պետք է պետությունը զուգահեռաբար իրականացնի»:

Արտակ Բեգլարյանը ողջունեց բնակվարձի փոխհատուցման ծրագիրը, սակայն նկատեց՝ շուկայում պահանջարկի կտրուկ աճով  պայմանավորված՝ բարձրացել են բնակվարձի չափերը, ու այս պարագայում անհրաժեշտ է պետության կարգավորող մեխանիզմների գործադրումը:

Սոցիալական ապահովության այլ խնդիրներին ու դրանց լուծմանը միտված ԱՀ և ՀՀ կառավարությունների ծրագրերին անդրադառնալով՝ նա նշեց դրանց հասցեականության կարևորությունը, որպեսզի ոչ ոք անտեսված չմնա:

Հաջորդ խնդիրը, ըստ Արտակ Բեգլարյանի, պատերազմի ու  հետպատերազմյան շրջանի տրավմաների հաղթահարումն է. «Տասնյակ հազարավոր անձինք, եթե ոչ՝ ավելին, ունեն լուրջ հոգեբանական խնդիրներ, որը երկարաժամկետ առումով հանրային առողջության վրա բացասականորեն ազդող լուրջ հանգամանք է: Դրա համար կարևոր է, որ պետական միջամտությամբ, նաև հասարակական սեկտորի էական ընդգրկվածությամբ պետք է շատ արագ ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձևավորվեն հոգեբանական տրավմաները վերացնելու կամ կառավարելու ուղղությամբ»:

Հումանիտար խնդիրների մասին խոսելով՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց. «Շատ կարևոր է անհետ կորածների ճակատագրերի պարզաբանումը, զոհվածների մարմինների հանումը, գերիների վերադարձը. այս ուղղությամբ տեղյակ եք, որ ՄԻՊ  աշխատակազմն էլ, հատկապես փաստահավաքության շրջանակներում, տվյալներ հավաքագրել է, և առայսօր հավաքագրում ենք, թարմացնում ենք, տալիս ենք պատկան մարմիններին՝ և՛ պետական, և՛ միջազգային, և  նաև՝ ՀՀ:  Հատկապես քաղաքացիական անձանց մասով ենք մենք տվյալներ հավաքագրում, վերլուծություն կատարում,  և նաև՝ բաց աղբյուրներում առկա ռազմագերիների վերաբերյալ տվյալներն ենք հավաքագրում: Մեր ներկայացրած տվյալների հիման վրա՝ բավականին հաջողված դեպքեր կան, եղել են նաև դեպքեր, որ մարդկանց կյանքեր են փրկվել, գերիներ են վերադարձվել:

Այստեղ, ի սկզբանե, համակարգման խնդիրներ եղել են և՛ ՀՀ-ում, և՛ ԱՀ-ում, ժամանակի ընթացքում ինստիտուցիոնալ մեխանիզմները հստակեցվել են, և հիմա ավելի ներդաշնակ և ավելի արդյունավետ է համակարգն աշխատում: Բայց գլխավոր խանգարող գործոնը Ադրբեջանի ապակառուցողական և հանցավոր վարքն է՝ ոչ միայն այն տեսանկյունից, որ մեծածավալ հանցագործություններ են կատարվում ու սպանություններ՝  այդ թվում՝ գերեվարված անձանց, այլ նաև՝ ակնհայտ է, որ նրանք թաքցնում են և՛ ռազմագերիների, և՛ քաղաքացիական անձանց ու բռնի անհետացած անձանց: Այս տվյալներն ու ապացույցները մենք անընդհատ ներկայացնում ենք նաև Կարմիր խաչին ու ռուսական կողմին: Կոնկրետ դեպքերում հաջողություններ կան, բայց դեռևս ակնհայտորեն Ադրբեջանը թաքցնում է  բավականին շատ գերիների, կխուսափեմ թիվ նշելուց, որոնց մի զգալի մասը նաև տեսանյութերով է ապացուցված, որ իրենց մոտ են գտնվում»:

Պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներից Արտակ Բեգլարյանը նշեց նաև ենթակառուցվածքների ու վնասված շինությունների խնդիրը՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են:

Տեսանյութեր

Լրահոս