Գինցբուրգը հայտարարել է, որ «Սպուտնիկ V»-ն կպաշտպանի կորոնավիրուսի նոր հիմնամանրէից
«Սպուտնիկ V»-ն կպաշտպանի COVID-19-ի նոր տարբերակից, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մշակած Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Իհարկե, կպաշտպանի…Ոչ մի ցուցմունք չկա, որ չի պաշտպանի»,-ասել է նա:
Ավելի վաղ Միացյալ Թագավաարությունում հայտնաբերել են SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա: Դեկտեմբերի 19-ին Բրիտանիայի շնչուղիների նոր եւ առաջացող վիրուսային սպառնալիքների կոնսուլտացիոն խորհուրդը հաստատել է, որ հիմնամանրէն տարածվում է շատ արագ եւ բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում: Թեեւ վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական տվյալների, կարող է սովորականից 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, դեռ ոչ մի բան չի խոսում այն մասին, որ այն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսակետից:
30-ից ավելի երկրներ արդեն դադարեցրել կամ սահմանափակել են Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը: Առանձին պետություններ, այդ թվում՝ Հունաստանը եւ Կիպրոսը, պարտադիր կարանտին են սահմանել Մեծ Բրիտանիայից ժամանած բոլոր ավիաուղեւորների համար:
Ռուսաստանը թռիչքները դադարեցնում է մեկ շաբաթով: «Սպուտնիկ V»-ն աշխարհում գրանցված առաջին պատվաստանյութն է COVID-19-ի կանխարգելման համար, այն մշակվել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ:
Պատվաստանյութն ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա եւ ստացել «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ է միջմկանային ներարկման համար, որի կարեւոր առավելություններ են անվտանգությունը, արդյունավետությունը եւ երկարաժամկետ բացասական հետեւանքների բացակայությունը: Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: