Բաժիններ՝

Լավագույն ֆիլմերը մեկ հարթակում. մեկնարկել է «Պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը

Եվրոպական ֆիլմարվեստի երկրպագուները դեկտեմբերի 16-ից հնարավորություն ունեն ծանոթանալ գերմանական կինոյի գոհարներին և քննարկել դրանք մասնագետների հետ «Պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» առցանց նախաձեռնության շրջանակում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության տնօրեն, կինոգետ, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանն ասաց, որ հավանաբար ցուցադրելու են տասը կամ 12 կինոնկար: Կլինեն ֆիլմեր նկարահանված 1930-ական թվականներին և կինոնկարներ, որոնք ստեղծվել են 21-րդ դարում:

Արդեն ցուցադրվել է «Մենք հրաշամանուկներ ենք» կինոժապավենը, իսկ դեկտեմբերի 23-ին անցկացվելու է «Կամուրջը» ֆիլմի քննարկումը:

«2020-ը բարդ տարի էր բոլորիս համար, և փոփոխություններ եղան մեր ծրագրերում: Առաջ կենդանի քննարկումներ էինք կազմակերպում, իսկ հիմա՝ առցանց: Ըստ իս՝ «Պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» ծրագիրը շատ հետաքրքիր է և այսօրվա հոգեվիճակին առնչվող, խոսող, մեզ հոգեհարազատ պետք է լինի, որովհետև անկախ քաղաքական, պատմական, գաղափարական և այլ գործոններից մի բան մնում է անփոփոխ՝ մարդու բացասական վերաբերմունքը մարդկանց կոտորելուն, երկիրը կորցնելուն, պետականությունը ճգնաժամի մեջ գցելուն»,-շեշտեց Զաքոյանը:

Կինոգետի խոսքով՝ երբ մարդն ինչ-որ անսովոր, ծայրահեղ վիճակում է հայտնվում, օրինակ՝ հիվանդանում է նոր վիրուսով, խուճապի է մատնվում, բայց, երբ բժիշկն ասում է, որ հիվանդությունը հայտնի է, նոր չէ, նա հանգստանում է, իսկ արվեստը հնարավորություն է տալիս վերապրելու հերոսի հետ իր մտորումները, ցավերը, և այդպես ամեն բան ավելի հասկանալի է դառնում, իսկ մարդն առավել ուժեղանում է:

«Գերմանացիների ցավն էլ հավանաբար շատ ուժեղ էր, նրանց պարտությունն էլ էր ցավոտ, բայց նրանք կարողացան ոչ միայն տնտեսական, քաղաքական առումով ոտքի կանգնել, այլև հոգեպես հաղթահարել ցավը, և այժմ Գերմանիան առաջադեմ երկրներից մեկն է աշխարհում: Կարծում եմ՝ ֆիլմեր դիտելը և՛ հետաքրքիր կլինի, և՛ օգտակար»,-ընդգծեց Զաքոյանն ու անդրադարձավ ֆիլմերի քննարկումներին՝ նշելով, որ նախաձեռնության շրջանակում մասնակիցներին ծանոթացնում են կինոյին ոչ միայն գեղագիտական, գաղափարական տեսակետից, ինչպես տրադիցիոն կինոգիտությունն է անում, այլ վերլուծում են ֆիլմերը, վերլուծում են ինքներն իրենց, այսօրվա վիճակը, ինչը չափազանց կարևոր է: «Երբ մարդը մի քիչ օտարանում է իր ցավից և ուրիշի խնդիրն է սկսում քննարկել, ավելի է ամրանում, ուժեղանում»,- եզրափակեց Գարեգին Զաքոյանը:

Նախաձեռնությունն իրականացնում է «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպությունը և Երևանի «Գյոթե» կենտրոնը: Ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ հետևելով «ՖԻԼՄԱԴԱՐԱՆ» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս