«Արթո՛ւր, դու տղամարդ ես, առաջինը դու պետք է հետևես այն պատվախնդիր դատախազներին, որոնք չեն ուզում ծառայել դավաճանին». Արփինե Հովհաննիսյանը՝ Գլխավոր դատախազին

Ժամը 17։00-ին Թումոյի այգուց մեկնարկել է «Նիկոլ, հեռացիր» արժանապատվության երթը։ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը դիմելով երթի մասնակիցներին և ՀՀ բոլոր քաղաքացիներին, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ իր աթոռից, որպեսզի ավարտին հասցնի իր դավաճանական ծրագիրը։

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, անամոթաբար շանտաժի էր ենթարկում մի ողջ ժողովրդի։ Իսկ հիմա նա ասում է՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը չի լինի։ Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի ասենք, որ Հայաստանը լինելու է, ապրելու է, Հայաստանն առանց նրա լինելու է, նա ամեն վայրկյան Հայաստանը մոտեցնում է ավելի մեծ անդունդի»,- իր խոսքում նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Նա հայտարարեց, որ ՀՀ իրավապահ համակարգը պետք է քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ պարզելու, թե ինչու է նա հանձնում Կապանի հարակից տարածքներն ու գյուղերը, ինչու է մինչև 17։00-ն թուրքը հային ժամանակ տվել, եթե իր ստորագրած պայմանագրում նման բան գրված չէ։

«Իրավապահ համակարգը պետք է պարզի, թե ինչ դավաճանական ակտ է կատարվում, և այդ շրջանակներում ուզում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ Արթուր, դու տղամարդ ես, ՀՀ քաղաքացի ես, առաջինը դու պետք է հետևես այն պատվախնդիր դատախազներին, ովքեր լքում են համակարգը, որովհետև չեն ուզում ծառայել դավաճանին։ Քո անմիջական պարտականությունն է՝ պարզել, թե ինչու է նա Հայաստանը հանձնում թշնամուն»,- շեշտեց Արփինե Հովհաննիսյանը և ներկաներին կոչ արեց ողջունել  իրավապահ համակարգի այն արժանապատիվ աշխատակիցներին, որոնք արժանապատվությունն ավելի բարձր են գնահատում, քան դավաճանին ծառայելը։

Եզրափակելով խոսքը՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ պետք է շարունակեն ու կերտեն «առանց Նիկոլ Հայաստան»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս