«Կոմպետենտ մարդ չկա, որ որևէ մեկը գնա ռուսի հետ նստի, նորմալ բանակցային միջոցով մի ստորակետ հօգուտ մեզ անի». Քաջարանի քաղաքապետ

Այսօր առավոտից սյունեցիները փակել էին Կապան-Երևան մայրուղին՝ պահանջելով անվտանգության երաշխիքներ իրենց մարզի համար: Մայրուղին փակող քաղաքացիների հետ էր նաև Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը նշեց, թե մայրուղին որոշել են փակել, որովհետև իրավիճակն է ստիպել դուրս գալ ու գնալ այդ քայլին:

«Քանի որ այսօր առաջացավ պետական վերևից եկող այն հրամանը, որ բոլոր զբաղեցրած դիրքերը, որտեղ սյունեցիները կանգնած են, պաշտպանում են՝ թողնեն, դրա համար առաջացավ այս խնդիրը»,- ասաց Սամվել Փարամազյանը:

Նշենք, որ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ մինչև վաղը 17։00-ն Կապանի բարձր, շահեկան դիրքերը հանձնվելու են թշնամուն, թշնամին լինելու է Կապանի բնակելի տարածքներից 1 կմ հեռավորության վրա, թշնամուն են անցնելու նաև ճանապարհահատվածներ:

ՊՆ-ից էլ հայտնել էին, որ Սյունիքի մարզի սահմանի որոշ հատվածներում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։

Քաջարանի համայնքապետի խոսքով՝ ընթացող զարգացումներն ուղիղ սպառնալիք են Սյունիքի ու սյունեցիների անվտանգության համար:

«Սա անվտանգության հարց է, ո՞վ կարող է այս անվտանգության խնդիրը լուծի: Մեկ է, այս իշխանությունը անզոր է, այ ցավդ տանեմ, սա իմպոտենտ իշխանություն է, կարելի  է այդպես համարել նրանց, բառի բուն իմաստով: Կոմպետենտ մարդ չկա, որ որևէ մեկը գնա ռուսի հետ նստի, նորմալ բանակցային միջոցով մի ստորակետ հօգուտ մեզ անի: Չկա տենց բան, այ ցավդ տանեմ: Ընդհակառակը, ոնց որ սա հատուկ նպատակով եկել է, որ Սյունիքը… նորից եմ ասում՝ սա Սյունիքի ինքնապաշտպանության հարցը չի, սա Սյունիքի փրկության հարցն է, այ ցավդ տանեմ, սա գոյության խնդիր է:

Մենք պահանջում ենք այս իշխանության անհապաղ հեռացում: Երկրորդը, անվտանգության երաշխավորը ո՞վ կարող է լինել: Այս փուլում խնդիրը հետևյալն է՝ իշխանության գան կարող ուժեր, կարող ուժեր, ովքեր կարող են այս հարցերի լուծումը տալ: Սա է մեր պահանջը: Ուրիշ պահանջ չունենք: Ո՞վ է տալիս այդ երաշխիքը մեզ»,- ասաց Մանվել Փարամազյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս