«Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի»․ մանկունյան դերբիին ընդառաջ
Մրցաշար-Անգլիա, Պրեմիեր լիգա
Վայր-Օլդ Թրաֆորդ
Ժամ-21։30
Դեկտեմբերի 12-ին «Օլդ Թրաֆորդում» 12-րդ տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Մանչեսթեր Սիթին»։
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Կարմիր սատանաները» ոչ լավագույն հոգեբանական վիճակում են մոտենում «քաղաքայինների» հետ հանդիպմանը: Օրերս նրանք Չեմպիոնների լիգայի շատ կարևոր խաղում 2:3 հաշվով զիջեցին «Լայպցիգին» և ավարտեցին իրենց ելույթներն այս մրցաշարում: Երբ Չեմպիոնների լիգայի մեկնարկին երեք հաղթանակից հետո փլեյ-օֆֆի ուղեգիրը կարծես գրպանում էր, «Մանչեսթեր Յունայթեդը» երեք անընդմեջ պարտություն կրեց և բավարարվեց միայն Եվրոպա լիգայով: Սա հաստատ հարվածելու է խաղացողների բարոյական վիճակին:
Միևնույն ժամանակ Պրեմիեր լիգայում Օլե Գունար Սուլշերի թիմը հիանալի խաղաց վերջին տուրերում: «Կարմիր սատանաները» չորս անընդմեջ հաղթանակներ տարան՝ ցուցադրելով լավ ցուցանիշներ: Այս ժամանակահատվածում նրանք հաղթեցին «Էվերթոնին» (3:1), «Վեսթ Բրոմվիչին» (1:0), «Սաութհեմփթոնին» (3:2) և «Վեսթ Հեմին» (3:1):
Նշենք, որ այս խաղերից երեքը եղել են արտագնա: Տանը «Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով միայն աշխատանքային հաղթանակ է տարել «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ: Դա՝ այն դեպքում, երբ «Վեսթ Բրոմվիչն» այս պահին Պրեմիեր լիգայի ամենավատ պաշտպանությունն ունի: Այս հաջողությունը միակն է, որն ընթացիկ առաջնությունում անցկացրած հինգ խաղերում իրենց տանը «կարմիր սատանաներն» ունեցել են: Միևնույն ժամանակ, նրանք տանը պարտվել են «Քրիսթալ Փելեսին» (1:3), «Տոտենհեմին» (1:6) և նույնիսկ վատ խաղացին «Արսենալի» հետ (0:1): Միայն «Չելսիի» հետ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի (0:0):
Այնուամենայնիվ, վերջին տուրերում գրանցած հաջողություններից հետո Սուլշերի սաները բարձրացան մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնական: Նրանք այժմ հինգ միավորով են հետ մնում առաջատար «Տոտենհեմից»:
Հիմնական կազմի կորուստներ, կարելի է ասել, «Մանչեսթեր Յունայթեդը» չունի: Սերխիո Ռոմերոն և Ֆիլ Ջոնսը պատրաստ չեն, բայց նրանք դեռ չեն խաղացել այս մրցաշրջանում: Էնթոնի Մարսիալն ու Էդինսոն Կավանին վնասվածքներ ունեն, և նրանց մասնակցությունը հարցականի տակ է։
«Մանչեսթեր Սիթի»
«Քաղաքայիններն» այժմ խաղից խաղ ավելացնում են: Այս շաբաթ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում 3:0 հաշվով հաղթեց «Մարսելին»: Չնայած մրցաշարի պլանում հանդիպումը ոչինչ չէր որոշում. մանկունյանցիները նախօրոք ապահովել էին փլեյ-օֆֆի ուղեգիր:
Ընդհանուր առմամբ, ֆրանսիացիների դեմ խաղում հաջողությունն արդեն չորրորդն էր վերջին հինգ պաշտոնական խաղերում: Առաջնության շրջանակներում մանկունյանցիները նախորդ երկու տուրերում բավականին համոզիչ հաղթանակ տարան: Նրանք 5:0 հաշվով հաղթեցին «Բարնլիին», իսկ «Ֆուլհեմը» երկու անպատասխան գնդակ ստացավ:
Այնուամենայնիվ, «քաղաքայիններն» ընթացիկ առաջնությունում հաճախ միավորներ էին կորցնում: Հինգ արտագնա խաղերի ընթացքում նրանք միայն երկու հաղթանակ են տարել: Հաղթել են «Վուլվերհեմփթոնին» (3:1) ու «Շեֆիլդ Յունայթեդին» (1:0): «Լիդսի» ու «Վեսթ Հեմի» հետ հանդիպումներն ավարտվեցին ոչ-ոքի` նույն արդյունքով՝ 1:1։ Գվարդիոլայի սաները 0:1 հաշվով պարտվեցին «Տոտենհեմին»:
Շատ առումներով, վատ աշխատանքը կապված էր կազմի իրավիճակի հետ: Այժմ «Մանչեսթեր Սիթիի» կազմում գործնականում կորուստներ չկան: Վնասվածք ունի միայն Էրիկ Գարսիան:
«Մանչեսթեր Յունայթեդը» հիմա դժվարին իրավիճակում է: Թիմին շտապ անհրաժեշտ է վերականգնվել Չեմպիոնների լիգայում ձախողումից հետո, և կարևոր է նաև հաստատել մրցակիցներից մեկի հետ մենամարտում, որ իրենք պայքարում են բարձր տեղերի համար: Գումարած, սա դերբի է՝ սկզբունքային մրցակից:
«Մանչեսթեր Սիթին» այժմ գտնվում է լավագույն մարզավիճակում: Թիմը կրկին շատ գոլեր է խփում, իսկ պաշտպանությունն արդեն հինգ հանդիպում է անցկացրել՝ առանց գոլ բաց թողնելու: Հյուրերի օգտին մեկ այլ փաստարկ է «կարմիր սատանաների»՝ սեփական հարկի տակ անհաջող խաղը:
Սիրարփի Աղաբաբյան



