Վերելակի հաջորդ կայարանը՝ Զանգեզուր
Նիկոլ Փաշինյանը բացառիկ ղեկավար է, ամենաբացառիկը Հայաստանի հնագույն և, հատկապես, նորագույն պատմության ընթացքում։ Նա կարողացել է իրականություն դարձնել այնպիսի անհավանական սցենարներ, որոնց մասին չէին կարող երազել Հայաստանի բոլոր հնարավոր թշնամիները՝ իրենց անհատական և հավաքական երազներում։
Թուրքիայի ու Ադրբեջանի համար Նիկոլ Փաշինյանն իսկական հրաշագործ է, որն իրականացնում է նրանց ամենաաներևակայելի երազանքները։ Եթե ընդամենը երկու ամիս առաջ որևէ մեկը կանխատեսեր, որ Հադրութում ու Շուշիում կծածանվի ադրբեջանական դրոշը, Դադիվանքում էլ ծառայություն կմատուցի ուդի պսևդոքահանան, նրան անմիջապես հոգեբուժարան կտեղափոխեին։
Բայց բոլոր նշված ու ավելի շատ չնշված անհնարին թվացող մղձավանջային տեսիլքներն արդեն իրականություն են։ Դառը իրականություն։ Հետևաբար, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահպանել իշխանությունը Հայաստանում, հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի նորանոր անհավանական ու մղձավանջային սցենարների։
Այդպիսի՝ մեզ համար անհավանական թվացող սցենարներին ծանոթանալու համար բավական է հետևել ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցներին, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրականություն է դարձրել դրանցում տարիներ շարունակ շրջանառված անգամ ամենադժոխային սցենարները։ Թուրք-ադրբեջանական քարոզչամիջոցները տարիներ շարունակ թմբկահարում էին, որ Շուշին ադրբեջանական է, այն այդպիսին է այսօր, նրանք խոսում էին հայկական վանքերի «ադրբեջանական պատկանելության» մասին, այսօր պղծում են մեր եկեղեցիները։
Որքան էլ բանականության համար անընկալելի, բայց ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի ապագա ծրագրերի մասին պատկերացում կազմելու համար պետք է լսել ոչ թե նրա ելույթները, այլ հետևել թշնամական երկրների մամուլին ու քաղաքական գործիչներին։ Ահա այս համատեքստում թուրք-ադրբեջանական մամուլում շրջանառվող զառանցանքներին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ, քանի որ նույնպիսի զառանցանք էր «ադրբեջանական Շուշին», ինչն արդեն իրականություն է։ Իսկ թուրքական ու ադրբեջանական մամուլի այսօրվա ամենաթրենդային թեման Զանգեզուրն է։
Ադրբեջանցիներն այն արդեն ներկայացնում են՝ ադրբեջանական, թուրքերը՝ թուրքական դրոշներով։ Մեզ համար զառանցանք թվացող այդ սցենարը նրանք մատուցում են Հայաստանին Ադրբեջանի կողմից ներկայացվելիք վնասների՝ 50 միլիարդ դոլարի փոխհատուցման թեմայի համատեքստում։ «Չունեն փող՝ կտան Զանգեզուրը»,- սա է ադրբեջանաթուրքական քարոզչության հիմնական ուղերձը։
Անհավանակա՞ն է։ Այս հարցին պատասխանելու համար պետք է հիշել Շուշիի պայմանական օրինակը, որը նույնքան անհավանական էր երկու ամիս առաջ, բայց իրականություն է այսօր։ Նիկոլ Փաշինյանը գործով ապացուցել է, որ պատրաստ է իրականացնել ադրբեջանաթուրքական ամենաանիրական երազանքները։
Հետևաբար, վերը նշված հարցին պատասխանելուց հետո արժե պատասխանել նաև հարցին, թե ո՞ւմ է ձեռնտու Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում։ Բոլոր նրանք, ովքեր կդժվարանան պատասխանել այդ հարցին, կարող են հետևել ադրբեջանաթուրքական քարոզչությանը։
Հ.Գ․ Անեկդոտիկ ստերեոտիպերում հոգեբուժարանների առավել արտահայտիչ պացիենտները ներկայանում են՝ որպես Նապոլեոն։ Փորձառու մասնագետները, սակայն, արձանագրել են նաև դեպքեր, երբ պացիենտը համոզել է, որ ինքն Աթաթուրքն է։
Հարություն Ավետիսյան