«Ես մեդալից հրաժարվել եմ, որովհետև չեմ ուզում հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ». Տարոն Տոնոյան

ԱԺ-ի մոտ ընթացող հանրահավաքի ժամանակ ՀՅԴ անդամ, բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը զարմանք հայտնեց՝ հայրենիքի կորստից հետո հանրահավաքը 10 և 100 անգամ ավելի բազմամարդ պիտի լիներ:

«Ապշած եմ: Սիրելի ժողովուրդ, ի՞նչ է, հացի գինը 50 դրամով պիտի թանկանա, որ բազմապատկվի՞ մեր ձայնը: Մենք հայրենիք ենք կորցրել: Արթնացե՛ք թմբիրից: Եվ շարունակում ենք այդ հայրենիքը կորցնել: Ցավալին սա է: Այսօր երկրում բացարձակ անիշխանություն է: Երկիրն այսօր անտեր է: Այսօր վարչապետը միայն ու միայն զբաղված է սեփական աթոռն ամեն գնով պահելով: Բայց ժամանակ չունի սահմաններով, բանակով զբաղվելու, բանակը համալրելու, որ հայ ժողովուրդը պաշտպանվի»,- նշեց Տոնոյանը:

Նա դիմեց իր կոլեգաներին՝ բժիշկներին, որ չլինեն այդքան անտարբեր և ապաքաղաքական:

«Ձեր ձայնը բարձրացրեք: Ձեր ձայնը բարձրացրեք՝ որպես մտավորականության մի մաս: Գծում են ճանապարհային քարտեզ, որ Ադրբեջանի հետ կարողանանք բարիդրացիական հարաբերություններ կառուցել: Եվ դա ասվում է Անդրանիկ Քոչարյանի կողմից: Նրանք դավաճաններ են: Նրանք ամեն կերպ փորձում են իրենց շարքերը համալրել: Ո՞վ է տեսել, որ պարտված պետությունը, ոչ թե բանակը, այսքան շատ շքանշան և մեդալներ բաժանի, որպեսզի կարողանա այդ մարդկանց ևս զերծ պահել այս պայքարից: Այսօր ինձ զանգել են Առողջապահության նախարարությունից  և առաջարկել են, որ ես ինչ-որ ժամանակ պիտի ներկայանամ նախագահական, և ինձ շքանշան կամ մեդալ պետք է տան: Ես այդ շքանշաններն ու մեդալները վաստակել եմ այն զինվորների մայրերի և այն զինվորների բերանից, որոնք ինձ ասել են՝ շնորհակալությո՛ւն, բժիշկ: Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետև չեմ ուզում ապազգային և անհայտ ծագման, իրենց կյանքում ոչ մի ստեղծարար կամ որևէ բան չարած, հայրենիքը դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ»,- հայտարարեց Տարոն Տոնոյանը:

Նա ընդգծեց, որ իրենց պայքարը կշարունակվի այնքան, մինչև այս ԱԺ-ում չհավաքվեն ժողովրդի իրական ընտրյալները:

Ըստ Տոնոյանի՝ այդ ընտրությունները պիտի լինեն այն ժամանակ, երբ մենք չենք լինի էյֆորիայի մեջ, ինչպես 2018-ին:

«Այդ ընտրություններն իրավունք չունի անցկացնելու կլասիկ ստախոս Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակեց Տարոն Տոնոյանը:

Տեսանյութեր

Լրահոս