ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ. Ավինյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրումներին՝ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ ամբողջ սահմանի երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում. «Ամբողջ սահմանի երկայնքի վերաբերյալ իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվելիք բանակցություններին, որը տեղի է ունենալու, ամենայն հավանականությամբ, հենց այս տարի, ռուս գործընկերների միջնորդությամբ, երկու կողմերի միջև:
Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև իրավական սահմանը վերջնական արձանագրված չէ, և մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և այն քարտեզները, որոնք հիմք ենք հանդիսանալու այդ բանակցությունների համար: Այդ օրակարգով մոտակա շաբաթների ընթացքում տեղի են ունենալու բանակցություններ:
Ինչ վերաբերում է փաստացի զինված ուժերի տեղակայմանը՝ այս պահի դրությամբ Տեղ գյուղից ներքևի հատվածում գտնվող տարբեր դիրքերում մենք ունենք Զինված ուժերի ներկայացուցիչներ, և նրանց վերջնական տեղակայումները ու, առհասարակ, ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում»:
Արձագանքելով Տիգրան Ավինյանի պատասխանին՝ Արմեն Խաչատրյանը նշեց. «Խնդրանքս է, որ, թեև հնարավոր է՝ անվտանգության հետ կապված խնդիրներ լինեն և ռազմական գաղտնիքի տարրեր պարունակեն, բայց այն մասով, որը որ հնարավոր է հրապարակել, իրականացվող աշխատանքները, ավելի հաճախակի հրապարակենք, և հանրությանը տեղյակ պահենք, որովհետև ամեն անգամ տարբեր աղբյուրներից տեղեկատվություններ են ստացվում, ինչը խուճապային տրամադրություններ է առաջացնում այս աշխատանքների հետ կապված»:
«Հասկանալի է՝ հնարավորինս պետք է փորձենք այնպես անել, որ այս միջգերատեսչական խմբի արված աշխատանքը նույնպես տեսանելի լինի, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ ՀՀ սահմանից այս կողմ՝ դեպի մեր կողմ, որևէ բան զիջված չէ և զիջված չի կարող լինել:
Այնուամենայնիվ, ուզում եմ նաև հստակեցնել, որ իրավական սահմանը, որպես այդպիսին, դա բանակցությունների արդյունքում վերջնական փաստաթղթի տեսքով պետք է ընդունեն երկու կողմերը»,- հայտնեց փոխվարչապետը: