Պարոնայք իշխանավորներ, գիշերը լա՞վ եք քնել, հո չե՞ք մրսել…
Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարոնայք իշխանավորներ, գիշերը լա՞վ եք քնել. հո չե՞ք մրսել… Իսկ գիտե՞ք, որ երեկ առավոտից` 10։30-ից անհետ կորած զինվորների ծնողները դրսում էին ու մինչև կեսգիշեր սպասել են… Սկզբում անձրևի տակ սպասեցին, հետո` ձյան։ Առավոտից մինչև ժամը 3-ը ես էլ իրենց հետ սպասել եմ. հոգնել ու մրսել էի, ինչի համար ամաչում եմ` իրենք սպասել են մինչև կեսգիշեր։
Տեսե՞լ եք էդ մարդիկ այս ընթացքում ոնց են ծերացել. տեսե՞լ եք աչքերի տակ ուռած–կախված պարկերը, նյարդերից փքված ու դուրս եկած երակները, կանանց` չխնամված, կռկված ձեռքերն ու տղամարդկանց աչքերի անկյուններում երևացող խեղճությունը։ Նրանց պարտադրված խեղճությունից դուք չե՞ք ամաչում։ Տեսե՞լ եք ձյաձ Տիգրանի` մի քանի օրում լրիվ ճերմակած մորուքը, տեսե՞լ եք Սիրանուշի` անընդհատ նյարդային շարժումներով եղբոր վերջին նամակը կարդալը, տեսե՞լ եք տիկին Լաուրայի սպիտակած մազերը, նկատե՞լ եք` միշտ աչքի ընկնող գեղեցկուհի Կիման ոնց է կես բուռ դարձել ամուսնու կարոտից։
Մի խմբից միայն 34 անհետ կորած կա, որոնց երեկ պատասխանել են` վրիպակի արդյունքում է այդպես ստացվել. մառախուղ է եղել, սխալ տեղ են տարել։ Ո՞վ է պատասխան տալու, մտածե՞լ եք պատասխանատվության մասին։ Պատերազմը չի արդարացնում սխալները, 34 ընտանիք արդեն փլվել է բառի բուն իմաստով, էդ մարդիկ հիմա չեն ապրում` լուսացնում են։ Համոզվելու համար նայեք նրանց աչքերին, եթե, իհարկե, կարող եք»:
Պարոնայք իշխանավորներ, գիշերը լա՞վ եք քնել. հո չե՞ք մրսել… Իսկ գիտե՞ք, որ երեկ առավոտից` 10։30-ից անհետ կորած…
Posted by Կարինե Հարությունյան on 2020 թ. դեկտեմբերի 8, երեքշաբթի