«Նիկոլ Փաշինյանը միայն իր հրաժարականի տեքստը կարդալու համար պետք է գա ԱԺ». Իշխան Սաղաթելյան

Անհնազանդության ակցիաները շարունակվում են․ քաղաքացիները երթով շարժվում են դեպի ԱԺ: Նշենք, որ  ժամը 16։00-ին ԱԺ-ից հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Թե որքանով են այս ակցիաները հանգեցնելու վարչապետի հրաժարականին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը չհեռանալու տարբերակ չունի:

«Այն, որ գնալու է, հայտնի բոլորին: Պարզապես պետք է հասկանա և գնա անցնցում, անարյուն, հանգիստ, և մեր երկիրը կրկին չտանի ցնցումների, նոր բախումների: Բայց այն, որ հեռանալու է, հայտնի է բոլորին, այդ թվում՝ իրեն»,- նշեց նա:

168.am-ի հարցին՝ ինչո՞ւ է հետաձգում իր հրաժարականը Նիկոլ Փաշինյանը, Սաղաթելյանը նշեց՝ շարունակում է կառչած մնալ աթոռին՝ հույս ունենալով, որ ինչ-որ մի պահի ժողովրդի զայրույթը կանցնի, և ինքը կվերարտադրվի:

«Դա պարզապես հնարավոր չի»,- ընդգծեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը կողմ են ժողովուրդը, պետական կառույցները, նա մնացել է միայնակ: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի շուրջը մնացել են միայն ՔՊ-ական նեղ մի հատված և որոշ սադրիչներ:

«Ինքն ԱԺ կարող է գալ միայն մեկ նպատակով՝ գա և կարդա իր հրաժարականի տեքստը: Ուրիշ գալիս է՝ ի՞նչ անի, գալիս է՝ էլի խաբի՞ ժողովրդին, սուտ ասի գնա տո՞ւն»,- շարունակեց դեպի ԱԺ շարժվող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նկատելով, որ քաղաքական մեծամասնության մեջ կան մարդիկ, որոնք կունենան համապատասխան գիտակցում, կհասկանան իրենց պատասխանատվության չափը, չեն դառնա Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը և կմիանան ժողովրդին:

Իշխան Սաղաթելյանը վստահ է՝ այդպիսիք շատ են, պարզապես վախենում են Նիկոլ Փաշինյանի ճնշումներից:

«Բայց ժողովրդի ճնշումը շատ ավելի մեծ է, և ես վստահ եմ՝ իրենք կունենան այդ գիտակցումը»,- եզրափակեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս