«Սյունիքը եղել է Թուրքիայի դարավոր երազանքը, այս իշխանությունները բացել են շատ վտանգավոր ճանապարհ». Ռուբեն Մելքոնյան

168.am-ի զրուցակիցն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

– Պարոն Մելքոնյան, օրերս Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի ու Երևանի հարաբերությունների վրա։ Այսինքն՝ մյուս նախապայմաններից Թուրքիան հրաժարվո՞ւմ է, մասնավորապես՝ հայերի կողմից  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։

– Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված՝ Թուրքիան միշտ երեք նախապայման է առաջ քաշել՝ Արցախի հարցը, որի դեպքում, եթե ադրբեջանանպաստ լուծում ստանար, ապա Թուրքիան պատրաստ էր Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության հարցը, այսինքն՝ միջազգային ճանաչման դադարեցումը, և երրորդը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ Կարսի պայմանագրի ճանաչումը։ Որքանով ուսումնասիրել եմ Թուրքիայի հետ քաղաքականությունը, նրանք այս երեք նախապայմանները մշտապես խաղարկում էին՝ առաջին պլան էին բերում դրանցից մեկը, մյուսը տանում ավելի երկրորդական։ Հիմա ստացվել է այնպիսի վիճակ, որ Արցախի հարցն ըստ էության ադրբեջանանպաստ ինչ-որ լուծման հանգրվանի է հասել։

Նրանք օկուպացրել են Արցախի մի հատվածը, իրականացրել են ահաբեկչական գործողություններ և շարունակում են ահաբեկչություն իրականացնել՝ ինչպես անձերի, այնպես էլ՝ մեր մշակութային հուշարձանների նկատմամբ։ Այստեղից տրամաբանական հարց է ծագում, որ Թուրքիան կարող է որոշակի հայտարարություն անել Հայատսանի հետ հարաբերություններ հաստատելու, ճանապարհներ բացելու։ Այնպես որ, Թուրքիայի արտգործնախարարի այդ հայտարարությունը երևի թե կարելի է  համարել ոչ թե անակնկալ, այլ դեպքերի նորմալ տրամաբանությունից բխող։

Այստեղ մեկ այլ խնդիր կա, չեմ կարծում, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Ինքս երբեք դեմ չեմ եղել միջազգային նորմալ հարաբերությունների հաստատման աշխարհի տարբեր երկրների հետ, բայց այդ ամենին պետք է պատրաստվել։ Իսկ Թուրքիայի նման ագրեսիվ հարևանի պարագայում, պետք է ավելի լուրջ սկսել՝ սկսած տարատեսակ օրենքներից՝ մաքսային, հարկային և այլն, վերջացրած անվտանգային տարբեր ասպեկտներով պետք է Հայաստանը մանրակրկիտ պատրաստվի այդ հեռանկարին։

Հիմա Թուրքիայի կողմից այս պարագայում՝ այսպիսի թույլ Հայաստան, ու այսպիսի ոչ կոմպետենտ իշխանությունների պարագայում՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կամ սահմանների հավանական բացումը՝ ինքնին կարող է Հայաստանի համար դառնալ լուրջ մարտահրավեր։

– Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի բոլոր կետերը Ձեզ համար հասկանալի՞ են, արդյո՞ք հասկանալի է, թե Սյունիքի ո՞ր մասն է մնալու Հայաստանին, ո՞ր մասն է լինելու թշնամու վերահսկողության տակ։

– Իհարկե, այդ խայտառակ հայտարարության տարբեր կետեր հասկանալի չեն, և ցավն այն է, որ կոմպետենտ մարմինները չեն էլ ձգտում հանրությանը ներկայացնելու պարզաբանումներ։ Այդ անհասկանալի կետերը, բնականաբար, մարդկանց մոտ առաջացնում են վախեր, խորացնում են տագնապները, և դրանցից ամենակարևորներից մեկը Մեղրիի միջոցով միջանցքի տրամադրումն է։ Մեղրին պանթուրքիստական ծրագրերի, այսինքն՝ Թուրքիան ցամաքով Ադրբեջանին և այլ թուրքալեզու ժողովուրդներով բնակեցված վայրերին կապելու ամենակարևոր միջանցքն է։ Չեմ ուզում չափազանցել, բայց Սյունիքը եղել է Թուրքիայի դարավոր երազանքը, որովհետև 100 տարի առաջ կրկին նույն քննարկումները գնում էին, նույն տարածքի համար։ Բայց փառք Աստծո՝ 100 տարի առաջ այդ վտանգը չեզոքացրել են, իսկ 100 տարի հետո, այդ վտանգի իրականանալի դառնալու համար, այս իշխանությունները բացել են շատ վտանգավոր ճանապարհ, խոսքն այդ հայտարարության մասին է։ Բնականաբար, այնտեղ այլ կետեր ևս կան, մասնավորապես՝ սահմանների դեմարկացիաների, GPS-ով սահմանների ճշտելու և այլնի հետ կապված։ Այդ մեկ էջանոց փաստաթուղթն իր մեջ պարունակում է ևս 100 էջ պրոբլեմներ, որոնց այս իշխանությունները չեն կարողանում ո՛չ սպառիչ պատասխան տալ, ո՛չ  էլ ըստ էության գործուն քայլեր են իրականացնում։

– ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ գուցե Ադրբեջանի շուկան բացվի Հայաստանի համար, և հակառակը, նաև թուրքական նավահանգիստները կբացվեն Հայաստանի համար։ Արդյո՞ք այդ երկու երկրներն այդքան ոգևորված են՝ տեսնելու Հայաստանի ներկայությունն իրենց շուկաներում։

– Որպեսզի շատ չխորանամ մանրամասների մեջ, ուզում եմ նշել, որ ցանկացած գնահատական, այդ թվում՝ պաշտոնյայի գնահատական, պետք է հենված լինի փաստերի, իրական դաշտի ուսումնասիրության և ռեալիզմի վրա։ Իսկ Ադրբեջանում և Թուրքիայում, որտեղ հասարակությունն ըստ էության տարիներ շարունակ դաստիարակվել է հակահայկական ատելությամբ, խոսել առևտրաշրջանառության մասին՝ անտեսելով մյուս կարևոր հանգամանքները, կարծում եմ՝ այդքան էլ լուրջ չէ։

Հարցազրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս