Աղվան Վարդանյանը՝ Արցախի դիմաց Փաշինյանին գումարի առաջարկի մասին իր ակնարկի ու Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրության մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ տարածված Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն աղմուկ է բարձրացրել համացանցում: Ձայնագրության մեջ Լուկաշենկոն ասում է, որ Ալիևն Արցախի 5 շրջանները հանձնելու դիմաց իրեն կտա 5 մլրդ դոլար գումար:
Սարգսյանն էլ հակադարձում է, թե ինքը պատրաստ է 6 մլրդ տալ Ալիևին՝ թող հրաժարվի այդ տարածքներից: Հիշեցինք, որ օրեր առաջ էլ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը 13 հարց և բացահայտում ներկայացրեց, որոնցից առաջինում ակնարկում էր, որ Փաշինյանին միջնորդի միջոցով Արցախի հողերի դիմաց գումար է առաջարկվել: «2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա: Արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, Ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել Ձեր ղեկավարին: Արդյոք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված, ասելով՝ տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»,- ասել էր Վարդանյանը:
Սակայն չէր ասել, թե որքան գումար է նշված եղել: Մենք հետաքրքրվեցինք՝ կարող է հիմա բացահայտել, թե որքան գումար է նշված եղել այդ թղթի կտորի վրա, Վարդանյանն ասաց. «Այդ թղթի կտորը Հայաստանի այսօրվա ղեկավարի մոտ է եղել, ճիշտ կլինի՝ հարցն իրեն ուղղել: Ես միայն կասեմ, որ պետությունների ղեկավարները մեծ երևակայություն չեն ունենում, էնպես չի, որ այսօր մի թիվ են ասում, հաջորդ օրը՝ այլ»: Այսինքն՝ խոսքը 5 միլիարդի մասին է: «Հարցրեք իրեն»»: