Երկու տարի անց․ ԱԺ, որը հանձնեց Արցախը
Երկու տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով ձևավորվեց գործող Ազգային ժողովը։ Հայաստանի ամենալեգիտիմ խորհրդարանը՝ ինչպես ներբողում էին հեղափոխականները երկու տարի առաջ ու մինչև օրս։ Հայաստանի ամենաանդեմ ու անգործունակ խորհրդարանը՝ ինչպես զգուշացնում էին քչերը երկու տարի առաջ, ու ինչպես ցույց տվեց կյանքը։
Ազգային ժողովի սուպերլեգիտիմության մասին թեզը, սակայն, կեղծ էր ի սկզբանե։ Խոսքը ոչ թե բուն ընտրական ակտի, այլ ընտրությանը նախորդած քաղաքական մթնոլորտի ու ընտրությանը հատկապես այդ օրը հանգեցրած գործընթացների մասին է։ Իսկ ընտրությունները հատկապես դեկտեմբերի 9-ին նշանակվեցին այն բանից հետո, երբ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի փաստացի գրավումը։ Նիկոլ Փաշինյանը փողոցային հեղափոխության իրականացումից վեց ամիս անց օրենսդիր իշխանության զավթման ակտ իրականացրեց, որը, սակայն, դատապարտվեց քչերի կողմից, քանի որ այդ ժամանակներում հանրային փսիխոզն ու էյֆորիան այն աստիճանի էին, որ ցանկացած դատապարտողի կդատապարտեին ֆեյսբուքյան և ոչ միայն ֆեյսբուքյան դատաստաններում։
Արդյունքում՝ փաստացի իշխանության զավթման արդյունքում նշանակվեցին արտահերթ ընտրություններ, որոնք, եթե անգամ արդար էին՝ որպես բուն ընտրական գործողություն, ապօրինի էին իրենց գենեզիսի՝ ծագումնաբանության առումով։ Դրանք դարձան օրենսդիր իշխանության զավթման ֆորմալ լեգիտիմացման հիմքը, ինչի արդյունքում Հայաստանում ձևավորվեց խորհրդարան, որի ընտրած վարչապետը 2.5 տարի անց պետք է ստորագրեր Արցախի հանձնման ու Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ դնող կապիտուլյացիոն ակտը։
Կա՞ր արդյոք կապ այդ երկու իրադարձությունների՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունների ու 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի միջև։ Ամենայն հավանականությամբ՝ այո։ Որովհետև, եթե տեղի չունենար օրենսդիր իշխանության զավթումը 2018 թվականին, մեծ է հավանականությունը, որ արտահերթ ընտրություններն այլ ժամկետներում ու այլ մթնոլորտում անցնելու դեպքում կձևավորվեր այլ որակի ու այլ համամասնությունների խորհրդարան, որը եթե ոչ՝ հաստատապես, ապա՝ գոնե որոշակի հավանականությամբ, կկանխեր կապիտուլյացիոն ակտի ստորագրումը։ Բայց քանի որ պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, ստիպված ենք սահմանափակվել փաստերի արձանագրումով ու համադրմամբ․ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվեց Ազգային ժողով, որը թույլ տվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։
Այնպես որ, այսօր՝ 2020 թվականի դեկտեմբերի 9-ին, երկու տարվա վաղեմության քաղաքական այդ իրադարձության մասին խոսելիս տեղին է օգտագործել «տարելից» բնորոշումը, որովհետև երկու տարվա վաղեմության այդ քաղաքական իրադարձությամբ ինստիտուցիոնալացվեցին պետության քանդման հիմքերը՝ փողոցից վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանը զավթեց նաև օրենսդիր իշխանությունը, որին հետևելու էին նաև դատարանների շրջափակման հակասահմանադրական քայլերն ու Սահմանադրական դատարանի ուզուրպացիայի ակտը։ Դեկտեմբերի 9-ը կարևոր օր է Հայաստանում պետության զավթման սև տոնացույցում։
Հարություն Ավետիսյան