ԱՄՆ-ում մահացել է առաջին անգամ ձայնի արագությունը գերազանցած օդաչուն
97 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի կործանիչ-օդաչու Չաք Յեգերը, որն առաջին անգամ գերազանցել է ձայնի արագությունը: Այդ մասին հաղորդել է նրա կինը:
«Խորը վշտով հայտնում եմ, որ իմ կյանքի սերը՝ գեներալ Չաք Յեգերը, վախճանվել է ժամը 21:00-ն (Երեւանի ժամանակով 06:00) լրանալուց քիչ առաջ:
Նա անհավատալիորեն լավ կյանք է ապրել, եղել է Ամերիկայի մեծագույն օդաչուն, նրա ժառանգությունը՝ ուժը, արկածների ծարավը եւ հայրենասիրությունը, հավերժ կմնան հիշողության մեջ»,-ասվում Twitter-ում օդաչուի օգտահաշվում նրա կնոջ՝ Վիկտորիայի անունից զետեղված հաղորդագրության մեջ:
Օդաչուի մահվան պատճառի մասին չի հաղորդվում:
Չաք Յեգերը ծնվել է 1923 թվականին Միացյալ Նահանգների Արեւմտյան Վիրջինիա նահանգում: Երիտասարդ հասակում դարձել է ավտոմեխանիկ, իսկ 1941 թվականին ընդունվել է ամերիկյան ռրազմաօդային ուժերի շարքերը: Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերմզմին, խոցել հակառակորդի ավելի քան մեկ տասնյակ ինքնաթիռ: 1947 թվականին 24-ամյա կապիտանը Bell X-1 փորձարարական ինքնաթիռով առաջին անգամ գերազանցել է ձայնի արագությունը՝ թռիչք կատարելով Կալիֆոռնիայի Մոհավե անապատ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: