Բաժիններ՝

Սուտ խոսելու «կայֆը»

Տղամարդը որքան էլ լավ սուտ խոսի, կինը նրան միշտ էլ կգերազանցի։ Ասում էր փչան Թոդորոսը՝ հայտնի կատակերգությունից։ Սակայն հայրենի իշխանությունները գրեթե ամենօրյա ռեժիմով հերքում են այս պնդումը։

Օրինակ՝ «Հայկական ժամանակ» թերթն իր այսօրվա համարում գրել է, որ նոյեմբերի 8-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Հայաստան համահայկական հիմնադրամի» ամենամյա դրամահավաք-ճաշկերույթը, որին մասնակցել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը և այլք։ Մասնակիցների կողմից տրվել է ավելի քան 12 միլիոն դոլարի խոստում։ Այս փաստը ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նաև Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Ավելին, ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքում անգամ հաղորդագրություն կա դրամահավաքի վերաբերյալ։  Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին և հանդես եկել ողջույնի խոսքով: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայազգի բարերարներ, գործարարներ և հասարակական-քաղաքական գործիչներ:

Այսքանով հանդերձ, թերթի թղթակցի հարցմանը  հիմնադրամի գրասենյակի մամուլի բաժնից պատասխանում են, որ առաջին անգամ են լսում այդ մասին։

Հիմնադրամն, իհարկե, ֆորմալ առումով պետական կառույց չէ, բայց պետականին հավասար է, քանի որ հոգաբարձուների խորհուրդը գլխավորում է Հայաստանի նախագահը, իսկ խորհրդի անդամների թվում են վարչապետն ու կառավարության անդամները։

Սա այն դեպքերից է, երբ խաբելու իմաստն ընդհանրապես անհասկանալի է։ Միգուցե ցանկացել են գաղտնի պահել, սակայն, երբ գաղտնին արդեն բացահայտվել է, ապա հերքելը հավասարազոր է մարդուն հայտնի կենդանու տեղ դնելուն։

Սա մոտավորապես նույն բանն է, որ ռուսական բնական գազի գինը պաշտոնական տվյալներով թանկացել է, սակայն համապատասխան ոլորտը համակարգող նախարարը շարունակում է դա հերքել։ Ընդ որում, նրա անմիջական վերադասն ու վերադասի վերադասը շատ նորմալ են վերաբերվում դրան։

Կան նաև դեպքեր, երբ մարդ սուտ է խոսում՝ ոչ միտումնավոր։ Այսինքն՝ հաղորդում է սխալ տեղեկատվություն։

Օրինակ, Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է արտաքին առևտրի ցուցանիշների մասին և ասել. «Եթե այս տարվա արտահանման աճի տեմպը շուրջ երկու անգամ է գերազանցելու ներմուծման աճի տեմպը, և դա շարունակական երևույթ  է վերջին երեք տարվա համար, ի դեպ,   նախատեսվում է այդ ցուցանիշի առավել բարձր տարբերություն՝ ի օգուտ արտահանման տեմպի»։

Սա՝ այն դեպքում, երբ արտահանումը ՊԵԿ-ի տվյալներով՝ ոչ թե աճել է, այլ նվազել 1.1%-ով (այդ մասին առիթ ունեցել ենք գրելու 168.am-ի նախկին հրապարակումներից մեկում)։

Իհարկե, չի բացառվում, որ Գագիկ Մինասյանը չի էլ ծանոթացել ՊԵԿ-ի տվյալներին և անկեղծորեն հավատում է, որ իր ասածը ճիշտ է։ Սակայն հաշվի առնելով, որ նա գլխավորում է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը, դա ոչ պակաս տարօրինակ է, քան իրականությունը միտումնավոր խեղաթյուրելը։

Օրինակները կարելի է անվերջ շարունակել, սակայն դրա կարիքը չկա։ Քանի որ բարձր մակարդակով սուտը դարձել է ոչ արտառոց երևույթ, այլ օրինաչափություն։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս