Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը սխալ են ներկայացնում ՀԱԿ-ի քաղխորհրդի որոշումը

«Ես բոլոր նիստերին մասնակցում եմ, ինքս իմ մասնակցությունը կարևորում եմ նաև նրա համար, որ այսպիսի հարցերի դեպքում տեղյակ լինեմ: Հայ ազգային կոնգրեսում ընդամենը քննարկվել է մեկ հարց (կարճ քննարկում է եղել), թե արդյո՞ք ԱԺ ՀԱԿ խմբակցությունն իրավունք ունի համագործակցել ԱԺ-ում ներկայացված ուժերի հետ»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանը` ի պատասխան 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք ՀԱԿ քաղխորհրդում ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցի որոշման վերաբերյալ տարաձայնությունները ՀԱԿ-ի ներսում:

«Այո, մենք որոշում ենք կայացրել` եթե ՀԱԿ-ը մանդատները վերցրել է, ապա նա իրավունք ունի և պարտավոր է համագործակցության բոլոր հնարավոր ձևերը գտնել քաղաքական ուժերի` մասնավորապես «Բարգավաճ Հայաստանի» և Դաշնակցության հետ: Սա է եղել: Իսկ խոսել այն մասին, որ ՀԱԿ-ը նախագահական ընտրություններում   պետք է համագործակցի ԲՀԿ-ի հետ, այդպիսի բան չի եղել:

Հակառակն ասեմ. նույն մեր առաջնորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը, ցույցի ժամանակ հազարավոր մարդկանց առջև հայտարարեց, որ ՀԱԿ-ում կա տարակարծություն այս հարցի վերաբերյալ, կոնսեսուս չկա, բայց քաղաքագիտական նպատակներից ելնելով` նա հնչեցրել է այս գաղափարը: Մեր կուսակցությունն էլ, որը համաձայնություն չի տվել այդ ուղուն, ընդամենը ձևավորել է հետևյալ մոտեցումը, որ չենք խանգարի նախագահին, եթե որոշել է այդ ուղիով գնալ, չնայած այսօր չեմ ուզում ո´չ խանգարել, ո´չ էլ գնահատական տալ: Գնահատականը կլինի նախագահական ընտրություններից հետո: Կլինեն նախագահական ընտրությունները, ՀԱԿ-ը կգա իշխանության, ես կասեմ` ՀԱԿ-ը ճիշտ ուղի էր ընտրել և ներողություն կխնդրեմ հասարակության առջև իմ սխալ կարծիքի համար, իսկ եթե ոչ` հստակ կլինի, որ դա սխալ ուղի էր»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք դա նշանակում է, որ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը և մյուսներն այլ կերպ են ներկայացնում ՀԱԿ-ի ընդունած որոշումը, Սոս Գիմիշյանը պատասխանեց:

«Ես չգիտեմ` իրենք ինչո՞ւ են այդպես ներկայացնում: Տարակարծությունը ես միշտ լավ բան եմ համարել, բայց եղած փաստերի վերաբերյալ տարակարծությունն ինձ համար…»:

Իսկ հարցին, թե այս ամենից հետո չե՞ք փորձել խորհրդակցել ՀԱԿ-ի մյուս անդամների հետ, Սոս Գիմիշյանը պատասխանեց. «Չեմ փորձել խոսել, քաղխորհրդի նիստ չի եղել: Վաղը քաղխորհրդի նիստ ունենք, կփորձենք այդ հարցը բարձրացնել և հասկանալ, թե ի՞նչ նկատի ունեին մեր գործընկերները»:


Տեսանյութեր

Լրահոս