«Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է, առաջին հերթին Հայաստանի և Արցախի՝ առանց ժողովրդի որևէ լուծում հնարավոր չէ». Նիկոլ Փաշինյանի խոսքի և գործի հակասությունները

Ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման խնդրին։

Երկու տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրային հեռուստաընկերության  ուղիղ եթերում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ ընտրություններին մասնակցող 11  քաղաքական ուժերի հիմնական  գործիչների մինչև տեղի ունեցավ ավելի քան երեք ժամ տևողությամբ բանավեճ: Թեկնածուները միմյանց ուղղում էին  երկրի զարգացմանն ու հեռանկարներին առնչվող տարբեր հարցեր: Կոռուպցիայի դեմ պայքարից մինչև տնտեսության զարգացում, դատական իշխանության բարեփոխումներից մինչև ժողովրդի բարեկեցության ապահովում: Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցը թիրախայինն էր:  Հարցն ուղղվեց այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար, ընտրություններում հաղթելու մեծ հավակնություններ ունեցող  Նիկոլ Փաշինյանին՝ «առաջնորդվելո՞ւ է արդյոք նա Ղարաբաղի հարցի լուծման ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման  արդեն արտահայտած   կամքով»:  Պատասխանելով  հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր Կառավարությունը Արցախի հարցն ընդունել է մի կետում, երբ բոլորը սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի և ըստ էության ստորացուցիչ զիջումներ,  և դա բանակցային այն կետն է, որում նախորդ Կառավարությունը թողել է Արցախի հարցը։

«Մեր դիրքորոշումը շատ հստակ է, և մենք ասել ենք, որ թող բոլորը հստակ արձանագրեն, որևէ մեկը Հայաստանին չպետք է համարի այն հարցի հասցեատերը, թե դուք արդյո՞ք պատրաստ եք փոխզիջումների։ Մենք ասում ենք հստակ, իսկ որևէ մեկը Ադրբեջանին հարցրե՞լ է, թե Ադրբեջանն արդյո՞ք պատրաստ է փոխզիջումների։ Քանի դեռ Ադրբեջանին այս հարցը չի տրվել, Հայաստանին որևէ մեկը այս հարցը պիտի չտա։ Հաջորդը՝ մենք համարում ենք, որ Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ, և առանց Արցախի լիարժեք ներգրավվածության հնարավոր չէ հարցի կարգավորման որևէ լուծման մասին խոսել։ Ի վերջո, ասել ենք, որ Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է, առաջին հերթին՝ Հայաստանի ժողովուրդը և Արցախի ժողովուրդը, և առանց ժողովրդի որևէ լուծում հնարավոր չէ»,- շեշտել էր Նիկոլ Փաշինյանը։

Բանավեճի ժամանակ ՀՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանի պահանջով պաշտոնից ազատելու, քրեական գործ հարուցելու  և դրանով  երկրի  անվտանգությունը վտանգելու հարցին,  Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր, որ Հայաստանը, այսպես ասած, կեղծ նվաճումներով ոմանք կեղծ ուղղություններով են տարել։

«Երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն էր, և նրա հովանու ներքո ՀԱՊԿ երկրները Հայաստանի Կառավարության լռության պայմաններում զինում են Ադրբեջանին, դա նվաստացուցիչ իրավիճակ է Հայաստանի համար, և Հայաստանը շատ հստակ իր դիրքորոշումն ասելու է։ Եվ, ի տարբերություն նախկինների, մենք չենք պատրաստվում լուռ և հնազանդ դիտորդի կարգավիճակով տեսնել, թե ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ»,- ասել էր վարչապետ Փաշինյանը։

Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ արդեն կարճատև հանդիպում և զրույց ունեցել էր Դուշանբեում՝  2018 թվականի սեպտեմբերի 28-ին  ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպումից հետո  Նիկոլ Փաշինյանը ժողովրդին հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու, ինչպես նաև երկխոսությանն ու բանակցություններին հավատարիմ մնալու մասին։ Կողմերի երրորդ կարևոր պայմանավորվածությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, միմյանց միջև օպերատիվ կապի հաստատումն էր եղել։

Այս հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանն արդեն Հայաստանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Ալիևը կիրթ մարդու» տպավորություն է թողել իր վրա։

«Ես վստահ չեմ, որ Ադրբեջանը կպահպանի Դուշանբեում ձեռք բերած հրադադարի ռեժիմի պահպանման մասին պայմանավորվածությունները, սակայն պայմանավորվածությունների ձեռքբերումը կարևոր եմ համարում։

Իհարկե, ես համոզված չեմ։ Բայց կարևորն այն է, որ մենք պայմանավորվեցինք կոնտակտ հաստատել, վաղը ԵԱՀԿ ՄԽ-ի անդամներին պաշտոնապես կհայտնենք, որ պայմանավորվել ենք մշտական կապ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև»,- ասել  էր վարչապետը, այդպես էլ չբացելով փակագծերը, չպատասխանելով,  թե Ալիևին  հարցրե՞լ է՝ Արցախի հարցի հետ կապված Ադրբեջանն ի՞նչ փոխզիջումների է պատրաստ, կամ առհասարակ, երբ վերելակում հանդիպել էր նրան, ինչո՞ւ տվյալ հարցը չէր բարձրացրել, որի մասին դեկտեմբերի 5-ի հեռուստաբանավեճի ժամանակ խոսում էր և մեղադրում նախորդ իշխանություններին։

Մի քանի ամիս վերելակային պայմանավորվածությունը պահպանվեց, շփման գծում կրակոցներ գրթե չհնչեցին, հրադադարի խախտումներ չեղան: Բայց որքան ձգվում էր ժամանակը, այնքան կոշտանում ու ռազմաշունչ էին դառնում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ:

Այս տարվա մայիսի 6-ին խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Արցախի հիմնախնդրին և հարցին, թե ինչի՞ շուրջ են բանակցում, ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ կա՞ Հայաստանում որևէ մեկը, որը չի խոսում Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքի մասին։

«Հայ ժողովրդի շրջանում մարդ կա՞, որ այլ դիրքորոշում ունի, ես ուզում եմ այդ մարդու անուն-ազգանունն իմանալ։ Ամենակարևոր արձանագրումը, գիտե՞ք, որն է, որ ոչ մի Կառավարություն Արցախի հարցի հետ կապված այնքան դիրքորոշում չի ասել, որքան ասել է մեր Կառավարությունը։ Կիլոմետրերով մենք բազմիցս դիրքորոշում ենք արտահայտել, եթե որևէ մեկը ուզում է կասկածի տակ դնել մեր դիրքորոշումը, ես դա համարում եմ մանիպուլյացիա։ Ինքներս մեր դիրքորոշումը արտահայտելիս, այնքան հակակշիռներ ենք դրել, որ Հայաստանում այսպիսի քննարկում առհասարակ չպետք է տեղի ունենա։ Ուզում եմ նաև հետևյալն ասել, որ չի լինելու այնպես, որ մեզ ինչ-որ ուժեր վախեցնեն, որ մենք գնանք բանակցային սեղանի շուրջ նստենք ու ձեռներներս դողա, կներեք արտահայտությանս համար, որ վայ հանկարծ սխալ չփռշտանք, որ դա չդառնա պատմություն։ Մենք ունենք մեր ժողովրդի լիազորությունը՝ բանակցել այդ հարցի շուրջ։ Մեզ որևէ մեկը թող չասի՝ հը՞, այդ ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք։ Մեզանից պատասխան կարո՞ղ  են պահանջել, այո, կարող է Հայաստանի ժողովուրդը։ Ինչքան լիազորություն ունենք, էդ էլ բանակցում ենք, բանակցությունների գնալիս չենք վախենալու ո՛չ ներսիններից, ո՛չ դրսիններից»,- շեշտել էր ՀՀ վարչապետը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի լուծման հետ կապված տարբեր առիթներով հայտարարել է, որ Արցախի հարցի լուծման համար պետք է լինի այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների կողմից.

«Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է, առաջին հերթին՝ Հայաստանի ժողովուրդը և Արցախի ժողովուրդը, և առանց ժողովրդի որևէ լուծում հնարավոր չէ»:

Եվ ահա  2018 թվականի դեկտեմբերի 5-ի նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ  այսպիսի հայտարարություն արած  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ երկու տարի անց՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, առանց ժողովրդի հետ քննարկելու, առանց ժողովրդին տեղեկացնելու՝ ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի վերաբերյալ փաստաթուղթը։ Իսկ թե ինչու ժողովրդից գաղտնի ստորագրվեց եռակողմ հայտարարությունը, ՀՀ վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, թե ժամանակ չկար՝ պետք էր արագ որոշում կայացնել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների ստորագրած  հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում էր Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Այսօր արդեն տարածքները հիմնականում հանձնել են, ռուս խաղապահներն Արցախում են, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթով այցելում է հանձնված բնակավայրեր՝ երկրի դրոշը բարձրացնելու: Ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց դեռ չեն վերադարձրել, հայտնի է ընդամենը 17 հայի անուն: Զոհված կամ անհետ կորած զինվորների հարազատները փնտրում են տղաներին: Պետական ատյանների դռներ թակելով, բողոքի ակցիան անցկացնելով՝ խնդրում ու պահանջում են՝ գոնե որևէ տեղեկություն իրենց փոխանցեն:

Տեսանյութեր

Լրահոս