Իսկ ինչպե՞ս է Փաշինյանը վերականգնելու Մինսկի խումբը, նրա ողջ օրակարգը տապալվել է․ Տարասով
168․am-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, վերլուծաբան, Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը։
– Պարոն Տարասով, Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ համաձայնություններից մոտ 10 օր անց կայացավ ռուսական միջգերատեսչական բավականին ներկայացուցչական պատվիրակության այց Երևան ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ։ Ուշագրավն այն է, որ այցը տեղի է ունենում ՀՀ ներքաղաքական ճգնաժամային զարգացումների ֆոնին, երբ զուգահեռաբար Ռուսաստանն իր արևմտյան գործընկերներին մեղադրում է եռակողմ պայմանավորվածությունները տապալելու փորձերի մեջ, որի մասին խոսել է թե՛ Լավրովը, թե՛ Նարիշկինը, և թե՛ Պուտինը, ինչը բավականին լուրջ հանգամանք է փաստորեն ռուսական քաղաքականության համար։ Այցի ընթացքում քննարկվեցին, բնականաբար, եռակողմ համաձայնագրի դրույթներն իրականացնելու հետ կապված հարցեր, խաղաղապահների գործունեության և հումանիտար մի շարք խնդիրներ, երկկողմ հարաբերությունների հեռանկար, սակայն կա տպավորություն, որ ռուսական կողմն ավելի խորը մտահոգություններ և խնդիրներ ունի։ Ի՞նչ է կատարվում։
– Անկասկած, նման հեղինակավոր պատվիրակության այցը՝ Լավրով-Շոյգու ձևաչափով, ցույց է տալիս, որ նրանք երկխոսության մեջ են մտել Փաշինյանի հետ, դա ցույց է տալիս, որ կարգավորվում է համագործակցությունը վարչապետի հետ, որի հրաժարականն են պահանջում ընդդիմադիր ուժերը։ Այցը կայանում է մի իրավիճակում, երբ Փաշինյանը վերափոխում է Կառավարության կազմը, փոխել է ԱԳՆ և ՊՆ ղեկավարներին, բայց սա ազգային միասնության կառավարություն չէ, ինչի կոչն անում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Այս այցը ունի մեկ ընդհանուր գիծ՝ բազմապրոֆիլ կերպով ընդլայնվում է համագործակցությունը Երևանի հետ, բայց շատ ասպեկտներ վերաբերում են անմիջականորեն Ստեփանակերտին, այնտեղի կենսագործունեության ապահովմանը։ Ուզեք թե չուզեք, բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչները սկսում են շփումների մեջ մտնել Ստեփանակերտի հետ՝ լուծելու համար կոնկրետ խնդիրներ, քանի որ Երևանից դրանց լուծումը հարմար չէ։ Ուստի սա որոշակի մակարդակի է բարձրացնում հարաբերությունները Ստեփանակերտի հետ։ Բավականին մեծ հետաքրքրություն է հարուցում այդ հարաբերությունների հետագա էվոլյուցիան։
– Այսինքն՝ Ստեփանակերտ-Մոսկվա հարաբերությունները նոր խորություն ձեռք կբերեն։
– Կհետևենք՝ կտեսնենք։ Այնուամենայնիվ, ռուս խաղաղապահների ներկայությունը, փախստականների վերադարձը, հումանիտար խնդիրների կարգավորումը ենթադրում է շփումներ, շփումների ակտիվացում, և հարաբերությունները փոխվում են։
Հիմա այն մասին, թե ովքեր են փորձում ընկնել այս գործընթացի մեջ։ Երկար ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործել է, ապահովել է բանակցային միջավայր, բայց երբ հարկ եղավ օպերատիվ որոշումներ կայացնել՝ դրանք չեղան։ Ուստի քառակողմ Հայաստան-Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան բանակցությունների արդյունքում ստորագրվեց փաստաթուղթ առանց Թուրքիայի մասնակցության, և ստորագրվեց մեկ այլ փաստաթուղթ Թուրքիայի հետ դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու շուրջ, պատերազմը շարունակվում էր 44 օր, և այդ ընթացքում համանախագահ երկրները կարող էին ավելի ակտիվ դիրքորոշում արտահայտել, ինչը չարեցին, և Ռուսաստանը ստիպված ստանձնեց պրակտիկ ու ակտիվ դերակատարություն։ Իսկ հիմա նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի խորհրդարանում դիտարկվելու է Արցախի անկախության ճանաչման հարցը։
Հարցն այն է, որ, եթե այդ ակցիան տեղի ունենա, ապա հույսերը, որոնք կապվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կարգավիճակի շուրջ հարցի քննարկման կոնտեքստում, կորցնում են իրենց ակտուալությունը։ Եթե Ղարաբաղը ճանաչվի, ապա Մինսկի խումբը վերջնականապես կտապալվի, իսկ ներկայումս գործող ձևաչափը կմնա գործող։ Ամերիկացիները փորձում են ինչ-որ բան անել, քանի որ իրական ֆորմատը չեն կարողացել կիրառել և չեն իրագործել միջնորդի իրենց մանդատը։ Իրական քայլ՝ ինչ կարող են անել ներկայումս, ֆինանսապես օգնել Հայաստանին, որպեսզի վերականգնվեն կորուստները։ Արևմուտքը ցանկանում է տապալել այս ամենը, բայց նրանք ռեսուրս չունեն, նրանք չեն իրագործել իրենց առկա հնարավորությունները, սպասել են, իսկ հիմա գնացքը գնացել է։
Խաղը շարունակվում է, իրավիճակը տարածաշրջանում փոխվել է։ Մենք չենք ցանկանում իրավիճակի ապակայունացում Հայաստանում, շարունակում ենք աշխատել Փաշինյանի կառավարության հետ, իսկ թե ինչ կլինի Փաշինյանի կառավարության հետ հետո, դա արդեն Մոսկվայի խնդիրը չէ, դա Հայաստանի, հայաստանյան քաղաքական ուժերի հարցն է, կընդունե՞ն նրանք արդյոք այն իրավիճակը, որը ձևավորվել է, կշարունակե՞ն կառուցողականորեն աշխատել, թե՞ այն բանից հետո, ինչ իրավիճակը կարգավորվել է՝ նոր ընտրություններ կլինեն, և ի՞նչ կհաջորդի դրան, ո՞վ կգա իշխանության և ինչպե՞ս գործընթացն առաջ կտանի։
– Այսինքն, Մոսկվայի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ կտրուկ փոխվել է հայկական կողմի համար այս խայտառակ փաստաթղթի ստորագրումից, Հայաստանի պարտությունից հետո։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում անընդհատ քննարկում էիք, որ չկա վստահություն հայ-ռուսական հարաբերություններում, որ դա ՀՀ վարչապետի պատճառով է, իսկ ներկայումս այն փոխվել է այն դեպքում, երբ հասարակությունը չի ընդունում այդ կապիտուլյացիան և ցանկանում է արժանապատիվ արտաքին քաղաքականություն։
– Այդ փաստաթղթով դադարեցվել է արյունահեղությունը։ Իսկ հիմա արդեն անհեռանկարային է քննարկումը՝ վստահո՞ւմ էր, թե՞ ոչ։ Մենք նայում ենք իրողություններին, իսկ իրողությունն այն է, որ ներկայումս մենք աշխատում ենք Փաշինյանի հետ լիովին տարբեր պայմաններով, իսկ Ռուսաստանի դիրքերը Հայաստանում ամրապնդվել են, դա փաստ է։ Թե ինչպես այդ ռեսուրսը հետագայում կօգտագործվի, դա ևս հարց է։ Հիմա հարցը հետևյալն է, թե ինչպես է լուծվելու կարգավիճակի հարցը, և դրա շուրջ մանիպուլյացիաները չափազանց շատ են։ Ռուս խաղաղապահները եկել են 5 տարով, այդ ընթացքում կարելի է քննարկել կարգավիճակի հարցը, բայց ակնհայտ է նաև, որ Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախի հայերը դրան չեն համաձայնի։ Իսկ ինչպես Փաշինյանն էր ասում՝ «Արցախը Հայաստան է», այս փուլում դժվար եմ պատկերացնում, ճանաչումից հետո դա կարող է տեղի ունենալ ինչ-որ փուլում, մանդատի ներքո ևս այդ գոտու կարգավիճակը կարող է լինել, սակայն կարգավիճակի հարցն այս փուլում չունի սկզբունքային նշանակություն։ Վաղ թե ուշ այն ստիպված կլինեն լուծել, բայց ոչ հիմա։
– Փաստորեն, այն չունի սկզբունքային նշանակություն ռուսական կողմի համար, բայց արևմտյան համանախագահները խոսում են այդ մասին, ինչպես նաև օրերս հրապարակած ճանապարհային քարտեզի առաջին կետով Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:
– Խնդրեմ, իսկ ինչպե՞ս է վերականգնելու, նրա ողջ օրակարգը տապալվել է։ Քիչ է, որ նա ցանկանում է, պետք է Մինսկի խումբը հավաքվի, որքան երկար ժամանակ պահանջվեց միայն Մադրիդյան սկզբունքներ համաձայնեցնելու համար։ Պետք է ինչ-որ նոր սկզբունքներ, նոր փաստաթուղթ հայտնվի, որպեսզի Մինսկի խումբը սկսի աշխատել, իսկ դրա համար հարկավոր է ժամանակ, անհրաժեշտ պայմաններ: Եթե կարող եք ստիպել համանախագահներին զբաղվել իրենց գործով, բայց նոր դիքրորոշումներով, նոր պայմաններով, Մոսկվան դեմ չէ։