Արմեն Սարգսյանին մեծ փաթեթ է ներկայացվել՝ հեռացող նախարարների ու նոր նշանակվողների անուններով
Մինչ ընդդիմությունը շարունակում է բազմահազար բողոքի հանրահավաքները, ակցիաները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը, անտարբերության մատնելով նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, շարունակում է կառավարության վերակազմավորումը։
168.am-ի տեղեկություններով՝ նա Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության կաբինետից հեռացվող պաշտոնյաների ու նրանց փոխարինողների անուների մեծ փաթեթը։
Մասնավորապես, մեր տեղեկություններով, Փաշինյանը պլանավորում է աշխատանքից ազատել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի պաշտոնի համար այս պահին կա երեք թեկնածու։
Թեկնածուներից են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Զեյնալյանը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը, «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ մասնագիտությամբ սրտաբան։
Ամենահավանական թեկնածուն Դավիթ Մելիք-Նուբարյանն է։