«Մենք դեռևս ժամանակ ունենք, որքանով գիտեմ, այդ ժամանակահատվածը երկարաձգվել է». Դավիթ Բաբայանը՝ Քարվաճառն Ադրբեջանին տալու ժամկետների մասին
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/Davit-BAbayan-1.jpg)
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ստեփանակերտում կան շենքեր, որոնք ավելի քիչ են տուժել թուրք-ադրբեջանական ագրեսիայից, հետևաբար՝ որոշակի միջամտություններից հետո այդ շենքերում հնարավոր կլինի ապրել։
«Այդուհանդերձ արցախցիներն այնպես պետք է վերադառնան, որպեսզի չլինի այնպիսի իրավիճակ, երբ այդ մարդիկ չկարողանան ապրել, չունեն օթևան, և այլն։ Հետևաբար՝ ակնկալել, որ ամեն ինչ շատ արագ կարող է վերականգնվել, այդքան էլ իրատեսական չէ։ Իհարկե, ցանկալի է, որ բոլորն էլ վերադառնան, բայց կան տեղամասեր, շրջաններ, գյուղեր, որտեղ պարզապես անթույլատրելի է վերադառնալը։ Կարծում եմ՝ շատ մեծ սոցիալական ծրագրերի անհրաժեշտություն է լինելու, որպեսզի այդ մարդկանց համար նոր տներ կառուցվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտնի փաստաթղթին, ըստ որի՝ Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին, ապա մեր հարցին, եթե Քարվաճառից բնակիչը դուրս չգա, իսկ Դադիվանքից էլ՝ վանահայրը, ի՞նչ է սպասվելու, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ ըստ տվյալների՝ նոյեմբերի 15-ին չէ, որ այդ գործընթացը պետք է ավարտվի։
«Այսինքն՝ մենք դեռևս ժամանակ ունենք, ինչքա՞ն ունենք ժամանակ, պետք է հարցնել պատկան մարմիններին, բայց որքանով ես գիտեմ, այդ ժամանակահատվածը երկարաձգվել է»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է արցախցիների անվտանգությանը, որոնք պետք է ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, Դավիթ Բաբայանն ասաց, որ այս պահին ռուս խաղաղապահները հանդիսանում են անվտանգության կարևոր երաշխիքներից մեկը, և սա իսկապես թույլ է տալու ինչ-որ ժամանակահատվածում խուսափել մեծ պատերազմական գործողություններից։
Հարցին՝ ստորագրված փաստաթղթում բանակցությունների միջոցով հնարավո՞ր է որևէ բան փոխել հօգուտ հայկական կողմի, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահին դժվար է ասել, քանի որ այժմ խոսվում է արդեն տեղի ունեցած իրողության մասին։
«Մենք արդեն այդ մասին խոսել ենք, որ հնարավո՞ր էր որևէ բան փոխել՝ իհարկե հնարավոր էր, հնարավո՞ր էր, որ պատերազմ չլիներ, և այլն, այս հարցերն արդեն դարձել են ավելի շատ պատմական վերլուծության առարկա։ Այս պահի դրությամբ՝ ունենք այն, ինչ ունենք, և պետք է հասկանանք, որպեսզի նման երևույթներ չլինի, ինչ պետություն պետք է կառուցեն, ինչ հասարակություն ունենանք։ Այն, ինչ տեղի ունեցավ, դժբախտաբար, օբյեկտիվ էր, և որևէ մեկին չպետք է մեղադրենք դրա մեջ»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: