«Ի՞նչ ես այստեղից հրահանգներ ստանում՝ պապից ավելի պապական Նիկոլ ես պաշտպանում, մինչև ե՞րբ». Արմեն Ռուստամյանը՝ Արայիկ Հարությունյանին

«Մեր պայքարն արդար  պայքար է, մեր պայքարն ազնիվ պայքար է, այդ ստի, կեղծիքի մթնոլորտը, այստեղ հավաքվելով՝ կոտրենք վերջապես: Մեզ խաբել են, մեզ անընդհատ պահել են կեղծիքի մեջ:

Ինչ էին խոսում և ուր հասանք, ստեղծեց երկու աշխարհ, ստեղծեցին մի վիրտուալ աշխարհ, որտեղ մենք հաղթում էինք, և իրական աշխարհ, որտեղ մենք պարտվեցինք, և սրա մեղավորը մեկ մարդ է՝  Նիկոլը»,- Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին այսպես դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն  Ռուստամյանը:

Նա վստահեցրեց, որ շատերն արդեն գիտակցում են իրականությունը, և դիմելով նրանց, ովքեր դեռ չեն գիտակցում, թե ինչ է կատարվում, ասաց. «Շուտ սթափվեք, որովհետև այն, ինչ կորցրել ենք, մեզ երազանք կթվա:  Եթե թողնենք՝ Նիկոլը շարունակի այս սուտը,  մենք Հայաստան չենք ունենալու, ախր,  ժողովո՛ւրդ, չե՛նք ունենալու. թող մեզ չխաբեն, մենք հենց դրա համար ենք այսօր հավաքվել:

Ես Ձեզ հիշեցնեմ՝ երբ մեր դեբատներն էին, երբ նոր-նոր 2018 թվականի ընտրություններն էին, ես իրեն մի հարց եմ տվել՝ եթե դու վաղը  դառնաս վարչապետ, պարտավորվո՞ւմ ես հետևել ԼՂ Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդի կամքին՝  ինչը նշանակում էր՝ պահել ստատուս-քվոն այնքան ժամանակ, քանի դեռ չի ճանաչվել ԼՂ Հանրապետության անկախությունը ու չի վերականգնվել տարածքային ամբողջականությունը, ասեց՝ այո, այո, իհարկե, ու ի՞նչ մնաց դրանից»:

ՀՅԴ անդամը շեշտեց՝  թե՛ Արայիկ Հարությունյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանն իրավունք չունեն խոսել ազնվությունից, քանի որ ոտնահարել են  Սահմանադրությունը. «Հենց նույն Սահմանադրությամբ  ընտրվել ես նախագահ, Արայի՛կ Հարությունյան: 175 հոդվածը դու պետք է աչքի լույսի պես պահեիր, որ Ղարաբաղը մնար հայկական: Ի՞նչ արեցիր դու,  հիմա շարունակում ես մարդկանց մեղադրե՞լ. օր առաջ դու իրավունք չունես այդտեղ լինելու, որովհետև դու այն նախագահն ես, որը, քո իսկ ձևավորված, ժողովրդի կողմից ձևավորված, հանրապետությունն ի չիք դարձրիր, Սահմանադրությունը ոտնակոխ արեցիր:

Ի՞նչ ես այստեղից հրահանգներ ստանում՝ պապից պապական Նիկոլ ես պաշտպանում, մինչև ե՞րբ: Ժողովուրդը հո Արցախում լավ գիտի՝ ինչ է կատարվել: Արցախի ժողովուրդը, որ էստեղ է, գիտի, չէ՞.  Ո՞նց կարող է վերադառնալ Ղարաբաղ, եթե Ղարաբաղը մնաց թուրքի լծի տակ, ո՞ր  ղարաբաղցին կվերադառնա.  նա տեսել է դա, Նախիջևան ենք տեսել, մի հայ մնա՞ց Նախիջևանում: Այս ի՞նչ ողբերգություն դուք բերեցիք այս ազգի գլխին:

Այսօր Շուշիում նամազ են հնչեցնում: Այն բոլոր վարձկանները, ջիհադիստները, որ եկել էին, եկել իրենց խրախճանքն են անում: Մենք թողեցինք Ղազանչեցոցը,  մեր սրբությունները»:

Արմեն Ռուստամյանը պայքարի կոչ հղեց Հայաստանում ու Սփյուռքում ապրող՝ իրավիճակով մտահոգ բոլոր քաղաքացիներին. «Ով սրբություն է հարգում, նա պետք է այս հրապարակ գա, ով որ ուզում է, որ մեր ժողովրդի ապագան իր ձեռքից չխլեն, նա պետք է այս հրապարակ գա:

Մեր պայքարը ժամանակ չի ճանաչում, տարածություն չի ճանաչում. ամբողջ հայությունն աշխարհով մեկ պետք է նույն խնդիրը դնի, որ էս մարդը հասկանա, որ ինքը չի կարող ղեկավարել այս ժողովրդին»:

Տեսանյութեր

Լրահոս