«Շուտով Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է պահանջելու իր հրաժարականը». Ժիրայր Սէֆիլյան

Այսօր «Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամները հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո նախատեսվում էր երթ: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ժամանակավոր կառավարության ստեղծում: Երեկ նույն պահանջով Ազատության հրապարակում էին քաղաքական 17 կուսակցություններ: «Սասնա ծռեր» համահայկական շարժման  ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը լրագրողների հետ զրույցում ասաց.

«Կարծում եմ, որ շուտով Նիկոլ Փաշինյանն ինքն էլ է պահանջելու իր հրաժարականը: Կատարվածն աններելի է»:

Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ այսօր բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ իրենց  հայացքներից, պետք է միավորվեն, որ կարողանան լուծում գտնել մեր երկրի առջև ծառացած խնդրի համար:

«Մեր ժողովուրդը չի ներելու այն, ինչ կատարվեց այսօրվա Կառավարության գլխավորությամբ: Շատ ճիշտ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ իր հրաժարականի գործընթացը: Լուծումն անպայման հրաժարականով ենք տեսնում»,- ասաց Սէֆիլյանը:

«Սասնա ծռեր»-ը, չնայած պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չեն միացել նույն պահանջով հանրահավաք անող մյուս 17 ուժերին՝ ընդգծելով, որ իրենք առանձին ուժ են:

«Անտրամաբանական է, որ երկիրը պարտության տարած որևէ Կառավարություն  մնա իշխանության: Սա պատմության մեջ չլսված դեպք է: Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց, պետք է հրաժարական տար»,- ասաց  «Սասնա ծռեր» համահայկական շարժման  անդամ Արա Պապյանը:

Ժիրայր Սէֆիլյանը կանխատեսեց քաղաքացիական բախումներ և պնդեց, որ ստեղծված իրավիճակում պետք է կոնսենսուսի գալ:

«Բացի դավաճանական ընթացքից, գործող իշխանությունների ապիկարության պատճառով երկրի ներսում ստեղծված է շատ լուրջ քաղաքացիական բախման վիճակ»,- ասաց նա:

Ամբիոնում ելույթի ժամանակ Սէֆիլյանը նշել էր, որ պատրաստ են ֆիզիկապես լինել զինվորների կողքին: Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ մինչև այժմ չէին գնացել, Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց.

«Այսօր բանակը պահում է, մենք այնպես չէ, որ ընդհանրապես կապ չունենք մեր բանակի հետ, մենք հետևում ենք, չեղած տեղից ավելորդ անհանգիստ իրավիճակ ստեղծողներ չենք, ընդհակառակը, մենք այս երկու օրը  զբաղված ենք որոշ շրջանակների  խուճապային  վիճակը հանգցնելով, չենք հրապարակում այդ ամենի մասին»։

Արա Պապյանն էլ ավելացրեց, որ իրենք ջոկատ ունեն: Ոստիկաններն այս ամբողջ ընթացքում հորդորում էին դադարեցնել ակցիան:

Միայն ամբիոնում իրենց ելույթի ավարտից հետո «Սասնա ծռեր» համահայկական շարժման անդամ, փաստաբան  Արայիկ Պապիկյանը զրուցեց ոստիկանների հետ: Որոշեցին չսկսել երթ: Այս հայտարարությունից հետո, սակայն, ակցիայի մասնակիցների մեծ մասը բերման ենթարկվեց: Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր համար անհասկանալի էր, թե ինչո՞ւ:

«Ինձ թվաց՝ մեկ-երկու սադրիչներ կային, որոնց մեկուսացնելու փորձի ժամանակ հավանաբար հրաման ստացան բոլորին մեկուսացնել: Որևէ արտառոց բան տեղի չունեցավ, պայմանավորվել էինք, որ երթ չենք անում, նպատակ չունենք բախումների կամ հակաօրինական գործողության, բայց Ոստիկանությունը, քաղաքական իշխանության պատվերը կատարելով, բոլորին բերման ենթարկեց»,- ասաց Պապիկյանը և ավելացրեց, որ իրեն ևս բռնել, սակայն բաց են թողել, հավանաբար իրեն ճանաչելով:

Լրագրողի հարցին, թե ո՞ւր են հանրահավաքի մյուս կազմակերպիչները, Արայիկ Պապիկյանը պատասխանեց, որ չգիտի, խառնաշփոթի մեջ չի հասցրել նկատել, թե ո՞ւմ են բերման ենթարկել:

Հիշեցնենք՝ երեկ Ազատության հրապարակում ակցիա իրականացնող 17 կուսակցությունների հայտնի և անհայտ դեմքերի բերման ենթարկեցին մինչև հանրահավաքի սկսվելը:

Տեսանյութեր

Լրահոս