Ալիևը բացահայտ ստել է` խեղաթյուրելով ՌԴ արտգործնախարարության հայտարարությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օգտագործելով իսպանական EFE գործակալության հարթակը, բացահայտ ստել է` խեղաթյուրելով Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հարցազրույցում Ալիևն ասել է, թե ՌԴ արտգործնախարարությունն իր հայտարարությունում նշել է, որ պատերազմն ընթանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, սակայն նման ձևակերպում այդ հայտարարությունում չի եղել:
Խոսելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղված նամակից, Ադրբեջանի նախագահը նշել է, որ, որքանով իրեն է հայտնի, Ռուսաստանը մերժել է Հայաստանին օգնություն տրամադրելու խնդրանքը ու նշել, որ պատերազմն ընթանում է Ադրբեջանի տարածքում:
Ադրբեջանի նախագահի կեղծիքը բացահայտելու համար պետք է պարզապես կարդալ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրապարակային հայտարարությունը.
«Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը Ռուսաստանի Դաշնության դաշնակցային պարտավորություններին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի մի շարք հոդվածների շրջանակում ենթադրվում են կոնկրետ գործողություններ միմյանց տարածքի դեմ զինված հարձակման սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում: Պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»,- ասված է հայտարարությունում:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում որևէ բառ նշված չէ այն մասին, թե բախումները տեղի են ունենում Ադրբեջանի տարածքում: