«Դուք քաղաքական ծաղրածուներ եք, դուք այսօր նոր Հիտլեր եք աճեցնում». արցախցի կինը՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

Արցախցի կանայք այսօր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առջև էին: Պատերազմը սկսվելուց կարճ ժամանակ անց նրանք պարբերաբար  ցույցեր են անցկացնում Հայաստանում գործող միջազգային տարբեր կազմակեպությունների, դեսպանատների առջև՝ պահանջելով պատշաճ արձագանք տալ ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ընդդեմ Արցախի, և պատժամիջոցներ կիրառել այդ երկրների նկատմամբ:

«Մեզ պետք է պատասխան տաք, թե ինչո՞ւ որպես ԵՄ անդամ և որպես ՆԱՏՕ անդամ՝ քայլեր չեք ձեռնարկում Թուրքիայի և Ադրբեջանի բարբարոսությունները կանխելու համար: Մի քանի օր առաջ խոսել եմ ընկերուհուս հետ, ով Գերմանիայում է ապրում, ասում եմ՝ զգույշ եղիր, ասում է՝ գիտեմ, որովհետև քահանան արդեն եկել նախազգուշացրել է բոլոր հայ ընտանիքներին, որ քիչ դուրս գան տներից: Ի՞նչ է կատարվում, նոր ցեղասպանությո՞ւն եք ուզում իրականացնել ձեր թեթև ձեռքով: Ո՛չ ֆաշիզմին: Ապշեցնում է այն հանգամանքը, որ Գերմանիան, գերմանացի ժողովուրդը, լինելով բարձր զարգացածության մակարդակի ժողովուրդ, ընդունել է իր պապի՝ Հիտլերի կատարած ցեղասպանությունը՝ Հոլոքոստը հրեաների դեմ, իսկ այսօր դուք շարունակում եք նույն քաղաքականությանն աջակից լինել, լինել Թուրքիայի և Ադրբեջանի կողքին և լինել երկրորդ ցեղասպանության նախաձեռնողներից մեկը»,- ասաց  ակցիայի մասնակիցներից մեկը և ավելացրեց, որ, եթե չկանխվի հայերի դեմ իրականացվող ցեղասպանությունը, ապա հաջորդը կարող է լինել Գերմանիան, քանի որ թուրքերը մեծ սփյուռք ունեն այնտեղ:

Ակցիայի մասնակիցներից Սիրանույշ Սարգսյանը պնդեց, որ Գերմանիան ոչ միայն լռում է, այլև հանցավոր մասնակիցն է այն ամենի, ինչ տեղի է ունենում Արցախում:

«Այսօր գերմանական զինատեսակներն են թուրքերը կիրառում Արցախում, ոչ միայն սահմանում, այլև հենց քաղաքներում ու գյուղերում, մեր տներում են մեր եղբայրներն ու քույրերը սպանվում հենց նույն Բայրաքթարի մարտագլխիկներով, որ Գերմանիան է արտադրում, իսկ ի՞նչ եք անում դուք, այո, խոսում եք: Մի ամբողջ Դաշնային ժողովի նիստ եք նվիրել Արցախին, բոլոր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները խոսել են, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, բայց ի՞նչ եք արել: Դուք դատարկ խոսարան եք, դուք քաղաքական ծաղրածուներ եք, մեր տղաների արյան մեջ թաթախված փողերի մասին եք մտածում միայն: Ամոթ: Դուք աշխարհին մի Հիտլեր տվել եք, այո, գուցե ասեք, որ զղջացել եք, ձեր մեղքը քավել եք, բայց դուք այսօր նոր Հիտլեր եք աճեցնում, ու դա անում եք մեր եղբայրների արյունով»,- ասաց Սիրանույշ Սարգսյանը:

Ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Լիանա Ադամյանը, նշեց, որ, չնայած աշխարհի աչքի առջև տեղի ունեցող դաժանություններին, Գերմանիան շարունակում է զենք վաճառել Թուրքիային:

«Այս տարվա կտրվածքով արդեն պայմանագիր է ստորագրվել զինվորական ռազմամթերք վաճառելու Թուրքիային 29.5 մլն-ի չափով: Այս տարվա սկզբում 15 մլն եվրոյի զինամթերք է վաճառվել Թուրքիային: Բազում փաստեր կան, որ Թուրքիան հովանավորում է միջազգային ահաբեկչությունը, Ադրբեջանի հետ հավասար: Դուք Ադրբեջանի, Թուրքիայի հետ հավասար հանցագործներ եք, քաղաքական իրավական գնահատական տալուց բացի, դուք մասնակիցն եք այս ամենի՝ ձեր լռությամբ, եթե ձեզ նորից սկսեն բռնաբարել ձեր քաղաքներում, ձեր արժանապատվությունը պաշտպանող չի լինի»,- ասաց Ադամյանը:

Կանանց տեղեկացրին, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը տեղում չէ, փոխարենը՝ փոխդեսպանը պատրաստ է ընդունել միայն մեկ հոգու՝ պայմանավորված համավարակով: Ակցիայի կազմակերպիչները չհամաձայնեցին, ասացին, որ կամ 3-ով կմտնեն ներս, կամ չեն մտնի, և առաջարկեցին քովիդ 19-ից վախեցող դեսպանատան աշխատակիցներին գնալ և տեսնել, թե ինչպես է համավարակի օրերին թշնամին թիրախավորում Արցախի հիվանդանոցները:

Տեսանյութեր

Լրահոս