Բարձրագույն խումբ. Առաջատարները հաղթում են
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում առաջատարներ «Շիրակը» և «Միկան» հաղթանակներ տոնեցին սեփական հարկի տակ` երկուական գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Գյումրեցիները «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալել էին Կապանի «Գանձասարին»: Տան տերերին արդեն իսկ 5-րդ րոպեին առաջ մղեց Անդրանիկ Բարիկյանի անվրեպ իրացրած 11 մետրանոցը, իսկ երկրորդ խաղակեսում առավելությունը կրկնապատկեց Ֆոֆանա Բեկոն: Կապանցիներին պատասխան գոլ խփել այդպես էլ չհաջողվեց` գրանցվեց 2:0 հաշիվ:
«Միկան» սեփական դաշտում ուժերը չափեց փոխչեմպիոն «Փյունիկի» հետ: Ժոլտ Հորնյակի սաներն առաջին կեսում կարճ ժամանակում կարողացան երկու անգամ գրավել Ալբերտ Օհանյանի պաշտպանած դարպասը: Նախ 39-րդ րոպեին աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանը, իսկ 2 րոպե անց Վարդգես Սաթումյանը մի շարք տպավորիչ խաբսերից հետո դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում փյունիկցիներն ավելի ակտիվ էին ու կարողացան կրճատել հաշվի տարբերությունը` Դավիթ Մանոյանի ոչ պակաս գեղեցիկ հարվածի շնորհիվ. «Միկա»-«Փյունիկ»` 2:1:
Այս տուրից հետո «Միկան» 58 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ նրանցից մեկ հանդիպում պակաս անցկացրած «Շիրակը» 55 միավորով ընթանում է երկրորդ հորիզոնականով:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը