«Ալիևը վա-բանկ է գնում. վստահ եմ՝ իրականում նա կորցնելու է ամեն ինչ». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ Ադրբեջանը նպատակային է տորպեդահարում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և համանախագհող երկրների ղեկավարների նախաձեռնությամբ հումանիտար հրադադար հաստատելու փորձերը:

«Օրերս իտալական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիևը ևս մեկ անգամ մեղադրել էր ԵԱՀԿ ՄԽ  համանախագահներին, այսինքն՝ փորձում է «մեղավորներ» փնտրել՝ խաղաղ ճանապարհով չկարգավորելու մեջ, բոլորին, բացի իրենից: Ալիևը ակնհայտ տեքստով խոսում է, որ ինքը տեսնում է բացառապես ռազմական լուծում և գնում է այդ ճանապարհով: Կարծում եմ՝ պետք է լինեն որոշակի պատժիչ մեխանիզմներ, որովհետև Ադրբեջանը քաջալերում ստանալով Թուրքիայի կողմից՝ ամբողջությամբ կասկածի տակ է դնում միջազգային հանրության հեղինակությունը և փորձում տորպեդահարել ամբողջ գործընթացը»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Պատգամավորն ընդգծեց․ «Հարցականի տակ ոչ միայն դրված է և փորձում են բնաջնջման քաղաքականություն իրականացնել արցախահայության և համայն հայության նկատմամբ, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությունն է վտանգված։ Եթե Ադրբեջանի նախագահը բաց տեքստով ասում է, որ իրենք և Թուրքիան փորձելու են հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը, արդյո՞ք դա նույնչափ վտանգավոր չէ Վրաստանի համար, Իրանի համար, նույն Ռուսաստանի համար»:

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել: Իհարկե, չի գաղտնազերծել, թե ինչի մասին է խոսքը: «Երկրի բարձրաստիճան ղեկավարների հավանությամբ այդ ծրագիրը կներկայացվի այսօր կամ վաղը։ Մենք այն պատրաստվում ենք ներկայացնել նաև Մոսկվայում և Երևանում»,- ասել է նա:

Տաթևիկ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ տեղեկություններ ունի՞, թե ինչ է ենթադրում այդ ծրագիրը, այն որևէ կերպ կարո՞ղ է ազդել ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի վրա, թե՞ դրանք իրար զուգահեռ կարող են լինել:

«Իրանի կողմից նախաձեռնությունները նոր չեն, 90-ականներին էլ ենք ականատես եղել, երբ Իրանը փորձել է միջնորդական առաքելությամբ հանդես գալ: Բայց այդուհանդերձ, հակամարտության գործընթացը տանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, և միակ ընդունված ձևաչափը ՄԽ ձևաչափն է: Իհարկե, հասկանում եմ, որ Իրանը՝ որպես տարածաշրջանային պետություն, որպես մաքսիմալ չեզոքություն պահպանել փորձող պետություն՝ կարող է հանդես գալ նման նախաձեռնություններով, բայց ես չգիտեմ՝ որն է իրենց առաջարկի հիմքը, և որքանով դա կարող է ընդունելի լինել: Հայտնի ձևաչափը չի կարող փոփոխության ենթարկվել»,- ի պատասխան՝ ասաց նա:

Անդրադառնալով հոկտեմբերի 29-ին սպասվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, նա ասաց, որ չի սպասում խաղաղ բանակցային գործընթաց, երբ ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում.

«Ժամեր առաջ կրկին ռմբակոծել են Շուշին, կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում, այս պայմաններում խոսել խաղաղության մասին, առավել ևս, երբ Ադրբեջանը տորպեդահարում է այդ գործընթացը, չափազանց լավատեսական կհամարեմ: Այդուհանդերձ, պետք է լինի խոսակցություն, պետք է լինեն որոշակի միտումներ, հնարավորությունների քննարկումներ, նաև հումանիտար հրադադարի հաստատման, և, որ ամենակարևորն է՝ մոնիտորինգային մեխանիզմների ներդրման մասին: Բայց լավատես չեմ՝ նաև տեսնելով, թե ինչ գիծ է տանում Ադրբեջանի նախագահը. Ալիևը վա-բանկ է գնում՝ դնելով ամեն ինչ և փորձելով ստանալ ամեն ինչ, բայց ես վստահ եմ, որ իրականում նա կորցնելու է ամեն ինչ»:

Նա ընդգծեց, որ Ալիևին կանգնեցնողն Արցախի ՊԲ-ն է. «Իհարկե, միջազգային հանրությունն ունի իր դերը և նշանակությունը, դա պետք չէ որևէ կերպ ստորադասել, բայց իրականում խնդիրը լուծվում է ռազմաճակատում»:

Նա նաև հավելեց, որ, եթե լինի անհրաժեշտություն, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. «Կան հստակ ընթացակարգեր, ունենք փոխադարձ պարտավորվածություններ: Եթե ստեղծվի անհրաժեշտություն, իհարկե, ընթացակարգերով Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին: Ռուսաստանն էլ է խոսել այդ մասին, որ անհրաժեշտության դեպքում չի զլանա իր առջև դրված պարտավորությունները կատարել՝ որպես ռազմավարական գործընկեր»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս