«Մենք չենք պահանջում Ձեզնից մեզ պաշտպանել, մենք պահանջում ենք իրավական գնահատականներ այն ամենին, ինչ կատարվում է Արցախում»

«Ազատ ու անկախ Արցախ, քո տուն-ամրոցը կերտեցինք, պատմությունը մեր երկրի, մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք»,- Արցախի Հանրապետության օրհներգով արցախցի կանայք ու երեխաները սկսեցին  ՀՀ-ում ԵՄ-ի դեսպանատան դիմաց իրենց բողոքի ակցիան:

Արցախցի կանայք ու երեխաները, որ Երևանում են հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց պահանջում էին, որ ԵՄ-ն այլևս չլռի:

«Մենք չենք պահանջում Ձեզնից մեզ պաշտպանել, մենք ընդամենը պահանջում ենք, որ իրավական գնահատականներ տաք այն ամենին, ինչ կատարվում է այսօր Արցախում: Պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Մասնակիցները հայտնեցին, որ կմնան  գրասենյակի դիմաց այնքան ժամանակ, մինչև ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինին չհանդիպի իրենց, և նրան չփոխանցեն արցախցի կանանց նամակը:

«Recognize Arcakh» , «Don’t be blind», «We want peace», «Stop terrorism», «Էրդողան,  հանցագործ», «Ալիև, մարդասպան» վանկարկումներով էին ակցիայի մասնակիցները  սպասում ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչի արձագանքին:

Արցախցի կանանցից մեկի խոսքով՝ պատահական չեն ընտրել Եվրամիության գրասենյակը, քանի որ ԵՄ-ն ստեղծվել է հենց պատերազմից խուսափելու, պատերազմին վերջ տալու համար:

«Այսօր մենք ինչ տեսնում ենք, ինչի մասին խոսում ենք, այդ արհավիրքները, այդ ավերածությունները, ամեն ինչի միջով անցել են ԵՄ երկրները: Եվ չնայած իրենց տարբեր շահերին, հենց պատերազմի հանդեպ սարսափն է նրանց միավորել: Եվ ինչ-որ տեղ զավեշտ է, որ մենք այսօր գալիս ենք այդ ամեն ինչն ապացուցելու… Ուզում եմ ասել, որ այս պատերազմում երկու կողմ կա, դա հայերն են ու տեռորիստները, և Դուք եք ընտրում, թե ում կողմից եք»,- ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչությանը դիմելով՝ ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:

Տեսանյութեր

Լրահոս