Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ԼՂ հակամարտության շուրջ բանակցել ըստ էության
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցել ըստ էության։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը՝ ամփոփելով Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ Պոմպեոյի առանձին հանդիպումների արդյունքները։
«Պետքարտուղար Պոմպեոն ընդգծել է բռնությանը վերջ տալու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը: Պետքարտուղարը նաև կարևորել է, որ երկու կողմերը սկսեն սուբստանտիվ բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հակամարտությունը կարգավորելու համար ՝ հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ բռնության սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների մասին», – ասել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը: