Բաժիններ՝

«Մենք ամեն կերպ աջակցում ենք բանակին, բայց ՊԵԿ-ը հաշիվները չի բացում, որ գոնե կտորների գումարները վճարենք». Ընկերությունը դժգոհում է, ՊԵԿ-ը՝ հակադարձում

Ալավերդու կարի ֆաբրիկայի «ՄԱՐԱԼ-Կ» ՍՊԸ-ն խնդրի առջև է կանգնել: Տնօրեն Մարիաննա Օնանյանն ասում է՝ ուզում են բանակին օգնել, անհրաժեշտ պարագաներ կարել, սակայն ԴԱՀԿ-ն հաշիվների վրա արգելանք է դրել:

«Ունենք հարկային պարտավորություններ, ՊԵԿ-ն ասաց՝ 20 տոկոսը պետք է վճարենք, որից հետո բացվելու էին հաշիվները, որ կարողանար աշխատել ընկերությունը, կանգ չառներ, սակայն այդպես չեղավ: Ընկերության չաշխատելու դեպքում մենք մեր պարտավորությունները չենք կարողանալու կատարել: Պետք է աշխատեինք ու քիչ-քիչ վճարեինք, բայց երբ սկսվեց պատերազմը, սկսեցինք բանակի համար պատվիրվող պարագաներ կարել՝ քնապարկեր, բարձեր, ծածկոցներ, զգեստներ և այլն: Մենք ամեն կերպ աջակցում ենք բանակին, բանվորն անվճար է կատարում իր աշխատանքը, բայց ՊԵԿ-ը հաշիվները չի բացում, որ գոնե կտորների գումարները վճարենք: Ասում են՝ 5 միլիոն մուծի, կբացենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մարիաննա Օնանյանը:

Կապ հաստատեցինք նաև Պետական եկամուտների կոմիտեի հետ, որտեղից մեզ պարզաբանեցին, որ դեռևս ապրիլ ամսից ընկերության ներկայացուցիչն ունեցել է պարտավորություններ, որի մասին ծանուցվել է: Մինչև օգոստոս վարքագիծը չի շտկել, դրանից հետո արդեն տույժ-տուգանքի են ենթարկել:

Օգոստոսին տնօրենն ասել է, որ ժամանակացույց մշակեն ու քիչ-քիչ վճարի, ինչի համար անհրաժեշտ է գումարի 20 տոկոսը վճարել, որևէ ապրանք գրավ դնել: Նա պատասխանել է, որ միայն կարի մեքենաներ ունի: Հաշվի առնելով, որ պատերազմական իրավիճակ է, ինչպես նաև այն հանգամանքը, որ ուզում է զինվորներին օգնել, ՊԵԿ-ն ընդառաջել է:

«Մենք իր հետ աշխատել և շարունակում ենք աշխատել, որպեսզի օրենքի շրջանակներում լուծում գտնենք: Որպես պետական գերատեսչություն՝ պատրաստակամություն ենք դրսևորել ընդառաջ գնալ՝ հաշվի առնելով իր գործունեության մղումները: Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա դրանք չենք կարող զրոյացնել, նա ունի պարտավորություններ, իսկ օրենքն ասում է՝ 20 տոկոս կանխավճարը մուծի, գրավի առարկան ներկայացրու, իսկ մնացածը վճարիր՝ ըստ  սահմանված  ժամանակացույցի, որը դարձյալ կազմվում է՝ ելնելով  գործարարի կարողությունների շրջանակից»,- նշեց ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս