«Չէին կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից». Արծրուն Հովհաննիսյան
Ընդհանրացված թվեր են տրվել, և չէին կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության գոտում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի, այսինքն, ամեն կողմից ավելի քան 2000 զոհ:
«Պարզ չի՞ հայտարարությունից, որ ընդհանրացված թվեր են տրվել, և չէին կարող կոնկրետ թվեր ասվել ՌԴ նախագահի կողմից: Դա բացառվում էր: Միանշանակ, հակառակորդը, Ադրբեջանի ԶՈւ-ն և տարատեսակ հրոսակախմբերը, որոնք նրանց հետ դաշնակցած պատերազմ են վարում, ունեն մի քանի անգամ ավելի զոհ մեր զոհերից: Դա քննարկումից դուրս է, և բացարձակ ճշմարտություն է»,-շեշտեց Արծրուն Հովհանննիսյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ ղեկավարը «Վալդայ» քննարկումների ակումբում հայտարարել էր.
«Մեր տվյալներով՝ երկու կողմից կա ավելի քան 2000 զոհ արդեն՝ մի կողմից և մյուս կողմից, այսինքն՝ զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի։ Ուշադրություն եմ ցանկանում հրավիրել, որ Աֆղանստանի պատերազմի տաս տարիների ընթացքում սովետական բանակում ԽՍՀՄ ժամանակաշրջանում զոհվել է 13 հազար, իսկ այս դեպքում այսքան կարճ ժամանակահատվածում արդեն համարյա թե 5000 մարդ»:
Հավելենք, որ հայկական զոհերի պաշտոնական թիվը 900 է: