ԿԺԴՀ-ում երկյուղում են Չինաստանի կողմից մոտեցող փոշեմրրիկից, որը կարող է կորոնավիրուս բերել
ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության արարողակարգային դեպարտամենտը Փհենյանում գտնվող դեսպանություններին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ծանուցել է Չինաստանի կողմից փոշեմրրիկի մոտենալու մասին, որը, հյուսիսկորեական կողմի խոսքով, կարող է փոշու մասնիկների հետ կորոնավիրուս բերել Հանրապետություն:
Այդ մասին հաղորդել է Փհենյանում ՌԴ-ի դեսպանությունը:
«ԿԺԴՀ-ի ԱԳ նախարարության արարողակարգային դեպարտամենտը մեր դեսպանությանը եւ այստեղ հավատարմագրված մյուս դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ծանուցել է այն մասին, որ Չինաստանի կողմից մոտեցող փոշեմրրիկի կապակցությամբ ԿԺԴՀ-ում գտնվող բոլոր օտարերկրացիներին հանձնարարվում է սույն թվականի հոկտեմբերի 22-ի առավոտից մինչեւ օրվա վերջը բացառել քաղաք դուրս գալը եւ մնալ տանը՝ պինդ փակելով պատուհանները»,-ասվում է Facrbook-ում զետեղված ՌԴ դեսպանության հաղորդագրության մեջ:
«Ինչպես մեզ բացատրել են, այս միջոցառումները պայմանավորված են այն բանով, որ «դեղին փոշու» մասնիկների հետ միասին հանրապետության տարածք կարող է բերվել նոր տիպի կորոնավիրուս»,-հավելել են դեսպանությունում: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է, որ նմանօրինակ նախազգուշացում են ստացել Չոնդոնի գլխավոր հյուպատոսությունը եւ Ռասոնի «ՌասոնԿոնՏրանս»-ի մասնագետները:
Դեսպանությունը հավելել է, որ ռուսական կողմը կկատարի հյուսիսկորեական իշխանությունների հանձնարարականները: ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեայի Աշխատանքային կուսակցության հիմնադրման 75-ամյակի առթիվ կայացած տոնական շքերթի ժամանակ արտասանած իր ճառում շնորհակալություն է հայտնել իր ժողովրդին այն բանի համար, որ երկրում չկան COVID-19-ով հիվանդներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: