Բաժիններ՝

NYT-ն հաղորդել է ՉԺՀ-ում Թրամփի բանկային հաշվի առկայության մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հարկային հաշիվները ցույց են տալիս, որ Չինաստանն այն երեք արտասահմանյան երկրներից մեկն է, որտեղ Միացյալ Նահանգների ղեկավարը բանկային հաշիվ ունի: Այդ մասին հաղորդել է The New York Times թերթը: Հրատարակության տվյալներով՝ Չինաստանում հաշիվը վերահսկվում է Trump International Hotels Management LLC ընկերության կողմից, որը հարկերի տեսքով Չինաստանում 188 հազար 561 դոլար է վճարել 2013-ից մինչեւ 2015 թվականը:

Բացի Չինաստանում ունեցած հաշվից, թերթի տվյալներով, Թրամփը նաեւ բանկային հաշիվներ ունի Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում: Նշվում է, որ օտարերկրյա բանկերում նախագահի հաշիվները ձեւակերպվում են իրավական անձանց անուններով, համապատասխանաբար նրանք չեն երեւում նախագահի հրապարակային ֆինանսական հաշվետվություններում: Հարկային հաշիվները չեն պարունակում մանրամասն տեղեկություններ այն մասին, թե որքան դրամ կարող է անցնել Թրամփի արտասահմանյան հաշիվներով: Trump Organization-ի իրավաբան Ալան Հարթենը հրատարակությանը հայտարարել է, որ ընկերությունը «հաշիվ է բացել չինական բանկում, որը գրասենյակներ ունի Միացյալ Նահանգներում, որպեսզի վճարի այն տեղական հարկերը», որոնք կապված են այնտեղ բիզնես վարելու ջանքերի հետ:

Նա ճշտել է, որ հաշիվը բացվել է այն բանից հետո, երբ Trump Organization-ը գրասենյակ է բացել Չինաստանում «Ասիայում հյուրանոցային գործարքների կարողությունն ուսումնասիրելու համար»: «Ոչ մի գործարք կամ այլ գործնական գործառնություն երբեք չի իրականացվել, եւ 2015 թվականից ի վեր գրասենյակը մնացել է չգործող»,-հայտարարել է Հարթենը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս