«Թուրքիայի վարքագիծը հայերին ստիպում է, որ իրենց վատ զգան». Էստուկյան
Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր, հայ համայնքի շրջանակներում ճանաչված հասարակական գործիչ Բագրատ Էստուկյանը «Euronews»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էստուկյանը նշել է, որ տարիներով շարունակվող պատերազմը համաձայնագրով չհանգուցալուծվելու պատճառը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի հետևանքով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների հետ։ Նրա կարծիքով՝ այդ երկրները սատարում են ոչ թե խաղաղությանը, այլև փակուղուն։
Պոլսահայ գործիչը, անդրադառնալով արցախա-ադրբեջանական պատերազմի շուրջ Թուրքիայի որդեգրած դիրքորոշմանը, հայտնել է․
«Թուրքիայի վարքագիծը հայերին ստիպում է, որ իրենց վատ զգան»։
Էստուկյանը նկատել է, որ Թուրքիան վերջին 6 տարում փոփոխություններ է կրել։ Նրա խոսքով՝ մտահոգիչ է, որ այդ երկրում վերացել են աշխարհիկ և ժողովրդավարական կառույցները։
Նա ճիշտ չի համարում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի` հավելելով, որ այդուհետ բավական դժվար է թվում, թե Հայաստանը և Թուրքիան լավ հարաբերություններ կկառուցեն։
Ինչ վերաբերում է այս պատերազմի պատճառով Թուրքիայում տարածված ատելության խոսքին, ապա նա այդ ամենը կապում է ազգայնականության հետ։