Դոդոնը պլանավորում է Մոլդովայում խորհրդարանական ընտրություններն անցկացնել ամառվա սկզբին
Մոլդովայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել գարնան վերջին կամ ամառվա սկզբին, երբ իշխանությունները հաղթահարեն կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Ավելի վաղ Դոդոնը հայտարարել էր, որ խորհրդարանը պետք է արձակվի անմիջապես նախագահական ընտրություններից հետո, պատգամավորների վաղաժամկետ ընտրությունները նա առաջարկել է անցկացնել փետրվարից մինչեւ մարտ ընկած ժամանակաշրջանում:
Տեղի օրենսդրության համաձայն, վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումը 2021 թվականից գարնանից շուտ չի լինի: «(Խորհրդարանի) ընտրությունները հարկավոր է անցկացնել գարնան երկրորդ կեսին կամ ամառվա սկզբին, երբ մենք կհաղթահարենք կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը: Նախագահական ընտրություններից հետո մենք կուսակցություններով կհավաքվենք, կքննարկենք՝ արդյոք կա հնարավորություն այս կառավարությունը պահել մինչեւ ամառ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները հանգիստ մթնոլորտում անցկացնելու համար»,-ասել է Դոդոնը:
Դրա հետ մեկտեղ նախագահը նշել է, որ պատգամավորները կարող է չցանկանան հետագայում եւս պահպանել վարչապետ Իոն Կիկուի գլխավորությամբ նախարարների կաբինետը: Այս իրադրության պայմաններում խորհրդարանը կարող է ավելի վաղ արձակվել, քանի որ պատգամավորները չեն կարողանա նոր կաբինետ ձեւավորել կայուն կառավարող մեծամասնության բացակայության պատճառով: Մոլդովայի խորհրդարանում կոալիցիան ձեւավորվել է մարտին՝ դեմոկրատների եւ սոցիալիստների կողմից: Այսօրվա դրությամբ Սոցիալիստական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է 37 պատգամավորներով, դեմոկրատներին մնացել է 11 մանդատ, այսինքն՝ կոալիցիան բաղկացած է 48 պատգամավորներից, նաեւ խորհրդարանում կա երեք անկախ պատգամավոր, որոնք աջակցում են կոալիցիային: Ընդամենը հանրապետության խորհրդարանում 101 պատգամավոր կա, կայուն խորհրդարանական մեծամասնության համար հարկավոր է առնվազն 51 պատգամավորի ձայն: