Բաժիններ՝

Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալով կպարգևատրվեն «Օրբիտեր» ԱԹՍ խոցելու համար. ՊԲ

Մայոր Նորայր Բաղդասարյանը թշնամական հրետանային մարտկոց ու կայանքներ ոչնչացնելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Սերժանտ Մանվել Գևորգյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Ղումաշյանը, շարքային Դավիթ Խանազյանն ու շարքային Նարեկ Ղուկասյանը «Մարտական ծառայություն» մեդալներով կպարգևատրվեն մեկական «Օրբիտեր»տեսակի ԱԹՍ խոցելու համար:

Ավագ լեյտենանտ Նվեր Անանյանը «Արիության համար» մեդալի է ներկայացվել հակառակորդի դիրք մտնելու և հատուկ գործողության ընթացքում քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող այլ փաստաթղթեր բերելու համար:

Ինժեներասակրավորային բարդագույն խնդիրներ կատարելու և դրանով իսկ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու համար կապիտան Գարեգին Սարգսյանը կպարգևատրվի «Արիության համար» մեդալով:

Նույն կարգի մեդալներով կպարգևատրվեն նաև սերժանտ-պայմանագրային Հունան Գասպարյանը, շարքային-պայմանագրային Նարեկ Աբրահամյանն ու շարքային- պայմանագրային Նարեկ Գևորգյանը, ավելի քան 2900 մետր հեռավորության վրա թշնամական տանկ ոչնչացնելու և այլ արդյունավետ գործողությունների համար…:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 8-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 145 անօդաչու թռչող սարք, 496 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4069 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 361 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս