«Գալաքսիի» աշխատակիցներն ու ընկերությունները միավորվում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին աջակցելու համար

Փոքր քայլերը մեծ փոփոխություն են բերում… «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Մեգաթոյզի», «Մեգասպորտի», «Տերյան 5»-ի և «Ռումշինի» աշխատակիցներն իրենց աշխատավարձից նվիրատվություն են կատարել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, իսկ «Գալաքսիի» հիմնադիրները հանգանակության գումարը կրկնապատկել են։

Ընկերությունները սոցհարթակների իրենց էջերում նշում են, որ այս օրերին իրենց ամենօրյա աշխատանքով  մասնակցում են բանակի տեխնիկական սպասարկմանը, տրանսպորտային ու պարենային միջոցների տրամադրմանը, արցախցի մեր հայրենակիցների հյուրընկալմանը։ Իսկ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին հանգանակության համար խմբի աշխատակիցները հավաքել են մոտ 20 միլիոն ՀՀ դրամ։ Հիմնադիրները կրկնապատկել են հավաքված գումարը։ Այսպիսով 40 միլիոն ՀՀ դրամը կփոխանցվի «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

 Հիշեցնենք, որ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանները, ի հավելումն այլ ծրագրերի, արդեն իսկ 50 միլիոն ՀՀ դրամ են փոխանցել «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այն ստեղծված է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսներին ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու համար։

Տեսանյութեր

Լրահոս