«Այս ստորջրյա հոսանքներում հասկանում ենք, որ Թուրքիան իր պահվածքով ներխուժել է Ռուսաստանի «բոստան»,  ազդեցության գոտի, դա չի կարող ՌԴ-ին չմտահոգել». Թուրքագետ

Թուրքիայում այսօր կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլիի հանդիպումը։ Հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«Բոլոր կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և գտնեն խաղաղ լուծման ճանապարհ: Ես հորդորում եմ Թուրքիային՝ օգտագործել իր զգալի ազդեցությունը՝ թուլացնելու լարումը»,- ասել է նա:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

Այս հանդիպման և մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարարի արտահայտած մտքերի վերաբերյալ 168.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս այցը հիմնականում կապված էր ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրների՝ Թուրքիայի և Հունաստանի լարվածությունը թուլացնելու հետ։ Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի շրջանակներում քննարկվել են նաև այլ հարցեր։

«Եթե դիտարկենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթը, ապա նա շատ ընդհանուր բաներ ասաց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է, և այլն։ Իհարկե, նա անդրադարձավ նաև Արցախի հարցին՝ նշելով, որ իրենց անհանգստացնում է իրավիճակը, քանի որ այն ամբողջ տարածաշրջանին ապակայունացում է բերում, և երկու կողմերին կոչ արեց, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները և փորձել բանակցությունների միջոցով լուծել հարցը։ Նա նաև Թուրքիային խիստ ձևով կոչ արեց, որ ռուսական «Ս-400»-ի խնդիրը պետք է լուծվի, և դրան պետք է այլընտրանք գտնվի, այլապես Թուրքիան վտանգի տակ է, որ կընկնի Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ։ Չնայած սա հպանցիկ հայտարարություն էր, բայց կարևոր էր, ըստ երևույթին առևտուր է գնացել «Ս-400»-ի մասով»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի արտգործնախարարին, ապա նա հայտարարել է, որ հակամարտությունը քաղաքացիական բնակչությանն է վնասում, և Թուրքիան դրանով մտահոգված է, իսկ Հայաստանն ագրեսոր է։ Նա նաև ասել է, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է, օրինակ, Վրաստանի կամ Ուկրաինայի տարածքային ամբողջականության առումով, իսկ ինչո՞ւ այս դեպքում ՆԱՏՕ-ն չի նշում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և կոչ չի անում, որպեսզի Հայաստանը «օկուպացված» տարածքներից դուրս գա։

«Այսինքն՝ սա նրա ցանկությունն է, որ Հայաստանը դուրս գա Արցախից։ Ասուլիսին ներկա էին հիմնականում արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց հետաքրքրում էր Հունաստանի հետ կապված խնդիրները, իսկ ադրբեջանական լրատվական գործակալության ներկայացուցիչներին հետաքրքրում էր Արցախի հետ կապված հարցերը։ Արցախի հարցի հետ կապված Չավուշօղլուն հայտնեց, որ փորձ է արվում խնդիրը կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում, և հիշատակելով Ֆրանսիային՝ նշեց, որ վերջինը անաչառ չէ, և չի կարող հարցն անաչառորեն լուծել»,- փոխանցեց թուրքագետը։

Նա նաև ընդգծեց, որ միշտ ասել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գա։ Չնայած  ՆԱՏՕ-ի համար Թուրքիան խնդրահարույց գործընկեր է, այդուհանդերձ  Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը, կապերն այնպիսին են, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանա  այս պահին վերջնականապես խզել կապերը նրա հետ։

«Թուրքիան իր մշտական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական ամպլուայի մեջ է, քանի որ վտանգ կա, որ Արցախի հարցով հարաբերությունները կարող են սրվել Ռուսաստանի հետ, թեև Ռուսաստանը որևէ պաշտոնական դիրքորոշում, որ սպառնա Թուրքիային, չի արել։ Մենք այս ստորջրյա հոսանքներում հասկանում ենք, որ Թուրքիան իր պահվածքով ներխուժել է Ռուսաստանի «բոստան»,  ազդեցության գոտի, և դա չի կարող ՌԴ-ին չմտահոգել, պարզապես առայժմ ոչ պաշտոնական խողովակներով դժգոհություններ են հասցնում։ Հիմա Թուրքիան իրականացնում է «ճոճանակի» քաղաքականություն, որ, եթե հանկած մի շրջանում ՌԴ-ի հետ հարաբերությունը սրվում են, գնում ընկնում է Արևմուտքի գիրկը, և՝ հակառակը։ Այսինքն՝ սա ««ճոճանակի» դիվանագիտությունն է, որը Թուրքիայի դիվանագիտական զինանոցների մասերից մեկն է»,- շեշտեց նա։

Թուրքագետը նաև նշեց, թե ի՞նչ կապ ունի ՆԱՏՕ-ն Արցախի և Ադրբեջանի միջև ծագած կոնֆլիկտում, քանի որ ո՛չ Հայաստանն է ՆԱՏՕ-ի անդամ, չնայած ունի որոշակի համագործակցության պայմանագիր, ո՛չ էլ Ադրբեջանն է ՆԱՏՕ-ի անդամ, հետևաբար հարց է առաջանում, ինչո՞ւ է Չավուշօղլուն ՆԱՏՕ-ին կոչ անում, որ նա խառնվի հարցին։

«Սա «տղա բերելու» ինչ-որ գործընթաց էր՝ ուժեղացնելու իրենց և Ադրբեջանի դիրքորոշումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պետք է հանդիպի նաև Էրդողանի հետ, կարծում եմ՝ ավելի «էկզոտիկ» ելույթներ կլինեն։ Հիմա ընդհանուր միջազգային կազմակերպությունների տեսակետն այն է, որ ահաբեկչական գործողություններն անընդունելի են, բայց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ահաբեկիչների մասին որևէ բան չասաց, ուրեմն՝ նրան ձեռնտու չէ այդ փաստն արձանագրել»,- եզրափակեց Անուշ Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս