Լռել չի կարելի. օպերային աստղը դատապարտել է Արցախում Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները

Հանրահայտ օպերային երգչուհի Հրաչուհի Բասենցը, որը բնակվում է Գերմանիայում, անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր խոսքն ուղղելով այլազգի լսարանին, ընկերներին ու գործընկերներին:

Երգչուհին նշել է, որ երկար ժամանակ փորձել է զերծ մնալ և քաղաքական թեմաներին չխառնվել, քանի որ համոզված է եղել, որ արտիստների միակ քաղաքականությունը արվեստ, սեր, խաղաղություն և մշակույթ տարածելն է, և ինքն իրավունք չունի մարդկանց ծանրաբեռնել իր և իր երկրի խնդիրներով, բայց սա այլևս միայն իր ու իր հայրենիքի հարցը չէ:

«Լռել այլևս չի էլ կարելի: Մի՞թե արվեստի միջոցով չէ, որ շատ հարցեր ենք լուծում, մի՞թե մենք՝ արտիստներս չենք, որ խաղաղության, սիրո, պատերազմների և ահաբեկչությունների դադարեցման կոչերով ենք մշտապես հանդես գալիս, մի՞թե մենք չենք, որ պիտի չլռենք ու կանգնենք հանուն արդարության և արդարադատության: Փոքր-ինչ ընկճված եմ, ընկճված եմ շատերի լռությունից և չեզոք դիրքորոշումից այն դեպքում, երբ շատերը իմ շրջապատից ամեն առիթով ակտիվ կանգնում են հանուն կենդանիների, ծառերի ու նմանատիպ տարատեսակ խնդիրների պաշտպանության և ստատուսներով ու նամակներով ողողում բոլորիս էջերը: Ընկճված եմ, ներեցեք… Ազգս միայնակ կենաց ու մահու կռիվ է տալիս ու պայքարում է գոյատևելու և ապրելու իր արդար իրավունքի համար, պատերազմում է հազարամյակների մեր սուրբ հողը պաշտպանելու համար և 100 տարի անց նորից կանգնած է բնաջնջման վտանգին դեմ հանդիման»,-նշել է Բասենցը:

Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերի 26-ին երկար սպասված առաջնախաղն էր Պուչինիի «Մադամ բատերֆլայ» օպերայում Դրեզդենի Սեմպերօպերի բեմում: Այն շատ հաջող է անցել, շատ մեծ ոգևորությամբ ընդունվել հանդիսատեսի և թերթերի կողմից: Թվում էր, թե պիտի ուրախ լինեի և վայելեի, բայց, ավաղ, ուրախությունս կարճ տևեց: Հաջորդ առավոտյան թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ հարձակում սկսվեց արցախա-ադրբեջանական ողջ սահմանագծով: Շատերդ, համոզված եմ, կարդում եք ու գիտեք, որ արդեն մեկ շաբաթ է ծանր պատերազմական դրություն է Հայաստանում և մի փոքրիկ հինավուրց քաղաքակրթություն`լքված բոլորի կողմից, կատաղի մարտեր է մղում իր ապրելու իրավունքի համար և ամբողջ քաղաքակիրթ աշխարհի փրկության համար, քանի որ այս պատերազմը այլևս միայն Արցախի և Ադրբեջանի միջև չէ, սա Թուրքիայի տեռորիստա-սուլթանական ախորժակի և հայերին բնաջնջելու ծրագիրն է, այն ծրագիրը, որը 1915 թվականին լիովին չհասցրեցին իրագործել`առանց անցյալի ոճրագործությունների համար պատասխան տալու և իր արժանի պատիժը ստանալու»,- շեշտել է օպերային աստղը:

Նա ընդգծել է, որ պատերազմի ողջ պատասխանատվությունը կրում են թուրք-ադրբեջանական ահաբեկիչները` իրենց ահաբեկիչ վարձկաններով:

Բասենցի համոզմամբ՝ աշխարհը պետք է խոսի այս մասին, քանի որ լռությունը նույն հանցագործությունն է: «Էլի հայերիս կոտորում են ու էլի աշխարհը չեզոք դիրք է գրավել: Ո՞ւր են ժողովրդավար երկրների օրենքներն ու մարդասիրական դիրքորոշումը, ո՞ւր են իմ ընկերները, ովքեր սիրո խոսքեր էին շռայլում ինձ ու հայերիս, ո՞ւր են իմ ազգով ու ինձնով հիացողները և նրանց վերաբերմունքն ու արձագանքը… Ո՞ւր եք: Չկաք, չեք ուզում խառնվել, բայց մենք պայքարում ենք նաև ձեզ համար, քանի որ ինչպես հայտարարեց մեր երկրի վարչապետը, մենք այլևս «Դեր-Զորի ճամփորդներ» չենք և պայքարելու ենք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար ևս, իսկ մեզ հաղթելու դեպքում թուրքերն անցնելու են դեպի ձեզ»,- նշել է Բասենցը:

Հրաչուհի Բասենցը ևս մեկ անգամ խոստովանել է, որ իր համար շատ ծանր է ստեղծված իրավիճակը, բայց պետք է շարունակի երգել, բեմ բարձրանալ և երգել նույն այդ հանրության համար: «Մարմինս բեմում` հոգիս ու մտքերս սահմանում, իմ հայրենիքում, իսկ ես կերգե՛մ, այո՛: Ես երգելու եմ նաև հոկտեմբերի 11-ին և 24-ին, երգելու՛ եմ, որովհետև Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանըի և իմ լավ ընկեր, պատմաբան և հայ-ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանի հետ հեռախուսազրույցում նրանք ինձ հորդորեցին երգել` ասելով. «Դու պիտի երգես»: Սիրելիներս, մի՛ եղեք անտարբեր, ասե՛ք ու արտահայտե՛ք ձեր համերաշխությանն ուղղված դիրքորոշումը»,-շեշտել է երգչուհին:

Տեսանյութեր

Լրահոս