«Ես դա ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել, չնայած կոնկրետ այդ նկարը բավականին լավ քողարկված կեղծիք է». Արծրուն Հովհաննիսյանը` գերիներ ունենալու մասին

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ 168.am-ը խնդրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին ներկայացնել, թե ինչ վիճակ է Մատաղիսում` գյուղ, դիրքեր, քանի որ տարբեր տեղեկություններ են շրջանառվում թեժ մարտերի, դրանց հետևանքների մասին:

«Ես առանձնահատուկ որևէ դիրքի, որևէ ուղղության մասով մարտավարական բնագծեր չեմ կարող ներկայացնել: Իրավիճակը բավականին ծանր էր հյուսիսում և հարավում: Կոնկրետ ով, որ պահին, կամ որ կողմը որ դիրքի վրա է գտնվում, չեմ կարծում, որ դա այդքան կարևոր իրողություն է: Ասել ենք` դիրքերի, բնագծերի մասին առանձնահատուկ չնշել: Ծանր, համառ մարտեր են գնում, դիրքային փոփոխություններ շատ հաճախ են լինում` թե առաջ, թե հետ, թե աջ, թե ձախ: Հետևաբար, բերեք առանձնահատուկ չֆիքսվենք այս ամեն ինչի վրա»,-նշեց նա` հավելելով, որ պետք չի ասել` մենք որ դիրքում ենք այս պահին, հակառակորդը` որ, քանի որ նման պատերազմում դիրքային նման փոփոխությունները բնական երևույթներ են:

«Մի ժամ հետո մենք կվերցնենք, մի ժամ հետո ըստ նպատակահարմարության կարող ենք այս դիրքից նահանջել, թևանցել, շրջանցել»,-ասաց Հովհաննիսյանը:

Հարցին` լուսանկարներ է շրջանառել ադրբեջանական կողմը, թե իբր իրենց մոտ գերիներ ունենք, ՀՀ ՊՆ ներկայացուցիչն արձագանքեց.«Ես դա ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել, Շուշան Ստեփանյանն այս հարցին անդրադարձել է: Իրականում թեժ մարտեր, ռազմաճակատի բնագծի փոփոխություն, ներգրավված միջոցների, ուժերի ահռելի մեծ քանակ, ոչինչ չենք կարող հերքել: Չնայած կոնկրետ այդ նկարը բավականին լավ քողարկված կեղծիք է: Բայց իրողությունն ինչպիսին է եղել, չեմ կարող ասել»:

Անդրադառնալով տեղեկություններին, թե հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.

«Հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, այո կան, զորքերի շարակազմեր, մարտակարգեր: Կուտակումներ բառը չօգտագործեմ, որովհետև ինչ-որ տեղ կան կուտակումներ, ինչ-որ տեղ` չկան: Եվ դրանցում, այո, վստահ ենք, որ կլինեն տարբեր տեղերից բերված վարձկան ահաբեկիչներ»:

Տեսանյութեր

Լրահոս