«Ժամանակն է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություններից  անցնեն պատժիչ գործողությունների». Ադրբեջանագետ

Ադրբեջանին սթափեցնելու համար, արդեն ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցնեն պատժիչ գործողությունների, քանի որ ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր հարձակողական գործողություններն ու սադրանքները՝ հաշվի չառնելով Մինսկի խմբի հայտարարությունները։ Այս մասին 168.am հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

Նրա խոսքով՝ պարզ է, որ Ադրբեջանը և Թուրքիան կանգ առնելու որևէ միտում չունեն, հետևաբար՝ Մինսկի խմբի երկրները  խոսքերից պետք է անցնեն արդեն գործի։

Ինչ վերաբերում է պատժիչ գործողություններին, Անժելա Էլիբեգովան ասաց, որ առաջին հերթին՝ Ադրբեջանը պետք է զգուշացվի, որ իր դեմ միջազգային սանկցիաներ են կիրառվելու, ինչը նրան կսթափեցնի, քանի որ Ադրբեջանում այժմ սոցիալ-տնտեսական վիճակը բավականին բարդ է։

«Կարծում եմ՝ այս պայմաններում միջազգային սանկցիաներ Ալիևին հիմա պետք չեն։ Նաև պետք է անցկացվի միջազգային հետաքննություն, և այն էլ՝ բավականին լուրջ կերպով, թե ինչ ռազմական հանցագործություններ է կատարել Ադրբեջանն այս օրերի ընթացքում»,- հավելեց նա։

Անդրադառնալով այն լուրերին, որ Ադրբեջանի ներսում ազգային փոքրամասնություններն Ալիևի դեմ լրջորեն պատրաստվել են բողոքի ակցիայի, ադրբեջանագետը նշեց, որ այս պահին նման տեղեկատվություն կա, մասնավորապես՝ թալիշաբնակ շրջաններում տեղացիները բոյկոտում են զորակոչի մասնակցությունը և չեն ցանկանում հայերի դեմ կռվել և բավարարել Ադրբեջանի բռնապետի ամբիցիաները։

Հարցին՝ եթե Թուրքիան դադարի աջակցել Ադրբեջանին, Ալիևը կդադարեցնի՞ իր սկսած ռազմական ագրեսիան, թե՞ կշարունակի այն, Անժելա Էլիբեգովան պատասխանեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ այդ հարցի պատասխանը կա միայն Իլհամ Ալիևի գլխում»։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների նախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների։

Այս հայտարարության կապակցությամբ այսօր ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն իր էջում գրել էր, որ ողջունելի է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:

«Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի»,- գրել էր Աննա Նաղդալյանը:

Երեկ նաև տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, որտեղ Թուրքիան առաջին անգամ խոսել է Արցախում մարտերը դադարեցնելու մասին։

Ավելի ուշ ԵՄ առաջնորդները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ  մասնավորապես նշված է. «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», իսկ կողմերին հորդորում են վերահաստատել կայուն հրադադարի ռեժիմը և հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս