Բաժիններ՝

Թրամփը լիազորությունները Փենսին չի հանձնում կորոնավիրուսով վարակվելու պատճառով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր ոչ մի լիազորություններ ժամանակավորապես փոխնախագահ Մայքլ Փենսին չի հանձնում այն պատճառով, որ վարակվել է նոր կորոնավիրուսով: Հոկտեմբերի 2-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջադ Դիրը։

«Ո՛չ»,- լակոնիկ պատասխանել է նա այդ թեմայով տրված ուղիղ հարցին: Այլ մեկնաբանություններից նա ձեռնպահ է մնացել: Փոխնախագահ Մայքլ Փենսն իր Twitter-ում նախագահին եւ նրա տիկնոջը մաղթել է շուտափույթ ապաքինում: «Ես եւ Քարենը (Փենսի կինը – ծանոթ. խմբ.) մեր թանկագին բարեկամներին՝ նախագահ Թրամփին եւ առաջին տիկին Մելանյա Թրամփին, հայտնում ենք, որ սիրում ենք նրանց եւ աղոթում ենք նրանց համար: Մենք միանում ենք միլիոնավոր մարդկանց ամբողջ Ամերիկայում, որոնք աղոթում են նրանց լիակատար եւ արագ ապաքինման համար: Տերը ձեզ պահապան, նախագահ Թրամփ եւ մեր հիանալի առաջին տիկին Մելանյա»,- գրել է նա:

Թրամփի մոտ COVID-19՝ նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն հայտնաբերելու մասին ավելի վաղ հայտնի է դարձել հենց իրենից՝ ԱՄՆ-ի նախագահից: Համապատասխան բովանդակությամբ գրությունը ԱՄՆ-ի արեւելյան ափի ժամանակով հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը նա զետեղել է իր Twitter-ում: «Այսօր (հոկտեմբերի 1-ին – ծանոթ. խմբ.) երեկոյան ԱՄՆ-ի առաջին տիկինը եւ ես կորոնավիրուսի թեստեր տվեցինք, որոնց արդյունքը եղավ դրական: Մենք անհապաղ կսկսենք մեր կարանտինը եւ ապաքինման գործընթացը»,- գրելէ ԱՄՆ-ի վարչակազմի 74-ամյա ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս