«Մենք հաղթելու ենք, որովհետև գիտակցում ենք՝ ուրիշ ճանապարհ չունենք». իսրայելահայ հոգևորական

«Պատերազմի սկսվելու հաջորդ օրվանից հայերենով և եբրայերենով հայտարարություն ենք տարածել Ֆեյսբուքում, WhatsApp-ում, որպեսզի շատ արագ կազմակերպենք դրամահավաք և օգնության հասնենք հայ զինվորին»։ Այս մասին «Հայերն Այսօր»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իսրայելի Հայֆա քաղաքի և հյուսիսային շրջանների հոգևոր հովիվ Տիրայր քահանա Հովակիմյանը։

2 օրում տեղի հայ համայնքը հավաքել է 20000 դոլար, որն ուղղվել է Գորիսի ու Վարդենիսի բժշկական կենտրոններին։ Անհրաժեշտ դեղորայք, պարագաներ են ձեռք բերվել։ Հոգևորականի խոսքով՝ նման փոքր համայնքի համար դա իսկապես անսպասելի էր։

«Այսօր ազգը բանակ է դարձել։ Կապ չունի՝ բժիշկ ես, բարձրաստիճան հոգևորական կամ պաշտոնյա, բոլորը կատարում են մեկ պարտականություն՝ պաշտպանել հայրենիքը»,-նշեց Տիրայր Հովակիմյանը և հավելեց, որ հայտարարությունը տարածելու առաջին իսկ օրվանից Հայֆայի հայերից մի քանիսն ընդհուպ ռազմաճակատ մեկնելու ցանկություն են հայտնել։

Քահանա Հովակիմյանը նաև հայտնեց, որ բացի նյութական օգնությունից, համայնքը պետք է քննարկի ցույցերի, երթերի վերաբերյալ հետագա գործողությունները։

«Մենք հաղթելու ենք, որովհետև գիտակցում ենք՝ ուրիշ ճանապարհ չունենք»,-եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս