«Կա՛մ սկսել պատերազմ, կա՛մ գնալ փուլային տարբերակի. այս իշխանությունը 3-րդ տարբերակ չունի». Արա Վարդանյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրես «Տրուդ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով տավուշյան դեպքերին՝ նշել էր. «Տավուշյան դեպքերի սրացումը 1994 թվականից գործող հրադադարի ռեժիմի երկրորդ առավել ծավալուն խախտումն էր։ Սրման համար լրացուցիչ խթան հանդիսացավ նաև հայկական կողմի որոշումը` վերականգնել սահմանային հին անցակետը, որը գտնվում է ադրբեջանական գազի արտահանման խողովակաշարից 15 կմ հեռավորության վրա։ Դա ոմանց մոտ անհանգստություն առաջացրեց, մյուսների մոտ` չարդարացված պատասխան արձագանք, արդյունքում՝ հակամարտությունը սրվեց և կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ»։

168.TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Արա Վարդանյանը Սերգեյ Լավրովի նման ձևակերպումը համարեց Հայաստանի իշխանություններին ուղղված ուղիղ մեղադրանք, որին, ըստ նրա, ցավալիորեն չարձագանքեց հայկական կողմը։

«Պետք է նշեմ, որ սա առաջին դեպքը չէ, որ սահմանային կետերում նման գործողություններ են տեղի ունենում, բայց երբեք ռուսական կողմից նման ձևակերպում՝ մեղադրանք, չի եղել, այնպես որ, Ռուսաստանը ցույց է տալիս, որ քաղաքական և դիվանագիտական դաշտում հայ-ռուսական հարաբերություններն իջել են աննախադեպ վատ մակարդակի և, կարելի է ասել, որ իսպառ բացակայում են։ Հետաքրքրական է, որ հայկական կողմից պաշտոնապես չհեքեցին նաև Լավրովի՝ փուլային տարբերակի վերաբերյալ ասածը, մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց և որևէ բան հստակ չասացին, իսկ նման պահվածքի պատճառն այն է, որ բան չկա ասելու, թեև Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ Հայաստանը պետք է ջանա ունենալ բարձր մակարդակի հարաբերություններ»,- ասաց Արա Վարդանյանը՝ շեշտելով, որ, ի տարբերություն քաղաքական և դիվանագիտական դաշտի, Հայաստանը շարունակում է բարձր մակարդակի հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության մակարդակում, իսկ դա այնպես չէ, որ գործող իշխանության շնորհիվ է։

Ըստ Վարդանյանի՝ հասարակությունը, սակայն, պետք է շատ հստակ հիշի պատմությունը և աչքի առաջ ունենա Ռուսաստանի և Ուկրաինայի օրինակը, երբ այդ պետությունները ՌԴ-ի հարաբերությունների վատթարացման հետևանքով ունեցել են տարածքային կորուստներ։

«Արցախի հարցում Հայաստանը հայտնվել է պատային իրավիճակում, որովհետև 1994 թվականից հետո համանախագահների կողմից են անգամ դիտարկվում որպես ապակառուցողական կողմ, և կանաչ լույս է վառվել Ադրբեջանի համար պատերազմ սկսելու համար։ Արցախի հարցում չի լինի բեկումնային փոփոխություն՝ հօգուտ Հայաստանի, քանի դեռ ՀՀ-ում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Այս իշխանության սցենարները հետևյալն են՝ կա՛մ գնալ փուլային տարբերակի, կա՛մ սկսել պատերազմ. այս իշխանությունը երրորդ տարբերակ չունի»,- ասաց մեր զրուցակիցը։

Ըստ նրա՝ պետությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու համար է, որ այժմ ընդդիմադիր դաշտում ընթանում է մոբիլիզացիոն գործընթաց։

«Ցանկացած քաղաքական ուժ պետք է հասկանա, թե ի՞նչ խնդիրներ կան ՀՀ-ի առաջ դրած, և դրանից ելնելով էլ շարժվի առաջ՝ առաջինը դա Արցախի հարցն է, երկրորդը՝ հայ-ռուսական հարաբերությունների որակի փոփոխություն. այս հարցերի լուծումները կարող են տալ մեկ կամ երկու մարդ. Իհարկե, նոր քաղաքական ուժերի ղեկավարներին թվում էր, որ իրենք կարող են դառնալ Հայաստանի վարչապետ, բայց այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները կարող են լուծել մեկ կամ երկու մարդ»,- ասաց նա։

Վարդանյանի փոխանցմամբ՝ իր համար անհասկանալի է նաև առհասարակ այս իշխանության թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունը. իշխանության միակ տեսանելի գործն այս կամ այն պաշտոնյայի նկատմամբ ընթացող գործընթացներն են, սակայն այստեղ էլ մշուշոտ է արդյունքը, որովհետև մարդուն բռնել ու նստացնելը իրենց իսկ հռչակած կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապ չունի։

«Ես պնդում եմ, կոռուպցիայի մասին խոսացող այս իշխանությունը Հայաստանի ամենակոռումպացված իշխանությունն է. ես պնդում եմ դա. Օրինակ, 2017 թվականին մենք ունեինք 100 միլիարդ դրամի մեկ անձից իրականացված գնում, իսկ 2019 թվականին ունենք 172 միլիարդ դրամի մեկ անձից իրականացրած գնում, այսինքն՝ 70 տոկոսով ավելի, հիմա սա կոռուպցիա չէ՞, կամ արդյո՞ք կոռուպցիա չէ այն, որ արդեն երկու տարի է՝ 2-3 անգամ բաց են թողնվել Իջևան քաղաքի ընտրությունները, որ քաղաքապետ ընտրվի Փաշինյանի քավորը՝ հասկանալով, որ այդ քավորը որևէ հնարավորություն չունի ընտրվելու. հիմա դա կոռուպցիա չէ՞, կամ արդյո՞ք կոռուպցիա չէ, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամին բոլոր բիզնեսմենները գումարներ են փոխանցում՝ ընդ որում, այդ հիմնադրամները որևէ հաշվետվություն չեն ներկայացնում»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս