«Գյուղացիները հասկանում են, որ սա թատրոն է, որի գլխավոր դերակատարը, ռեժիսորը և սցենարիստը Նիկոլ Փաշինյանն է». Մարգարիտ Եսայան
«Շուրջ 1200 զոհերի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, իր կառավարությունն է, իր իշխանությունն է՝ իր առողջապահության նախարարով, և այս զոհերի համար իրենք պետք է պատասխան տան»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
«Կան պետություններ, որոնք «Խիստ պայմաններ» չեն ստեղծել կորոնավիրուսի դեմ պայքարելու, մասնավորապես՝ Բելառուսը, այնտեղ զոհերը մոտ 600 են, երբ բացարձակ կարանտինային ոչ մի քայլ չի արվել: Մեզ մոտ 1150 մարդ սպանվել է այսօրվա կառավարության անգործության հետևանքով: Տղերքը փաթեթով իշխանությունը զավթել են, հիմա փորձում են իրենց անձնական խնդիրները լուծել, իրենց հարստության խնդիրները լուծել, և դրանով հանդերձ՝ իրենք հասարակությանը թողել են միայնակ բոլոր այն խնդիրների առաջ, որ կա, և որքան էլ վարչապետը գնա գյուղեր և փորձի մարդկանց սիրաշահել, դա միանշանակ դատապարտված է, որովհետև գյուղացիները հասկանում են, որ սա մեծ կազմակերպված թատրոն էր, որի գլխավոր դերակատարը, ռեժիսորը և սցենարիստը Նիկոլ Փաշինյանն է, և Նիկոլ Փաշինյանին այլևս չեն հավատում»,- ասաց նախկին պատգամավորը:
Մարգարիտ Եսայանն անդրադարձավ նաև կրթության, գյուղատնտեսական, արտաքին քաղաքականության բնագավառներում տիրող վիճակներին՝ նշելով, որ հասարակությունն ինչ-որ պահի ոտքի է կանգնելու.
«Այսպես իսկապես շարունակել չի կարելի, երբ գյուղացին չգիտի, թե ինչ անի իր անասունի, ցորենի հետ, երբ պտուղ-բանջարեղեն արտահանող ընկերությունները չգիտեն, թե դա ինչպես արտահանեն, քանի որ բոլոր ճանապարհները փակ են, երբ Ռուսաստանից եկած հայերը չգիտեն, թե ինչպես վերադառնան, որովհետև Հայաստանն «իզգոյ» է ճանաչվել այս տարածաշրջանում: Վրաստանը չի թողնում հայերին այդ ճանապարհով անցնեն, Ռուսաստանը չի ընդունում, թռիչքները տարօրինակ ձևով են տեղի ունենում: Համատարած անպատասխանատու վերաբերմունքի համար պատասխան տվողն այսօրվա կառավարությունն է լինելու»:
Եսայանի խոսքով՝ այն մարդիկ, որոնք իր պատգամավոր եղած ժամանակ պահանջում էին իր հրաժարականը, այսօր հիասթափված են.
«Այսօր այս մարդիկ մոլորված են, և մենք գոնե այնքան մեծ սիրտ պետք է ունենանք, չմերժենք այդ մարդկանց, նրանց վիճակը հասկանանք և փորձենք իրենց հետ միասին այս երկիրը շտկել, նորմալ ընտրություններ անցկացնել, հրաժարականը միանշանակ պետք է լինի ոչ միայն՝ նախարարների, այլև ամբողջ կառավարության՝ Նիկոլի գլխավորությամբ, արտահերթ ընտրություններ պետք է լինեն, որովհետև այսպես շարունակելու շռայլություն մենք իրոք չունենք: Ցավոք սրտի, թատերական ներկայացումները քիչ-քիչ տեղափոխվում են նաև Արցախ, միշտ արցախցիները հայտնի են եղել իրենց բռունցքով, իրենց տղամարդկային պահվածքով, հողը, երկիրը պահելու դուխով, հիմա հանկարծ դարձել են Նիկոլապաշտ, որն ինձ համար առնվազն վտանգավոր է, որովհետև, եթե այն ավերածությունները, որ Հայաստանում տեղի ունեցավ, նույն ձևով Արցախում լավ տարածվեն, շատ վտանգավոր տեղ ենք գնալու, և որքան էլ մեր բանակը ուժեղ է, ամուր է և վստահ է, և, համոզված եմ, որ մեր բանակը իր խնդիրը լուծելու է. ես այդտեղ արդեն լուրջ մտահոգություն ունեմ»: