«Առաջ ասում էին՝ իշխանությունը դա ժողովուրդն է, ժողովուրդը ո՞նց կարող է բողոքի ակցիա անի ու չլսեք». Ծառուկյանը՝ իշխանություններին
«Ցանկացած ոլորտ պրոբլեմի առաջ է, այս տնտեսական ճգնաժամը, համաճարակը, իրոք մարդկանց էլ հնարավորություն չի տալիս, չկա տեղ»: Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին ընդառաջ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ ղեկավարը սկսել է հանդիպումների շարք՝ կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների պատասխանատուների հետ: Սա թվով 2-րդ հանդիպումն է՝ Կոտայքի մարզից հետո:
«Մարդկանց վիճակը շատ ծանր է, ծայրահեղ անդունդի մեջ են: Ես չեմ ուզում ցեխ շպրտել, բայց այսօր ցանկացած ոլորտի պատասխանատու պարտավոր է իր ժողովրդով հետաքրքրվի, շրջի, լսի, լիարժեք խնդիրը բարձրացնի և դրան լուծումներ առաջարկի»,- ասել է Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ոլորտներում խնդիրներ կան, որոնց մասին վկայում են ամեն օր տեղի ունեցող բողոքի ակցիաները.
«Ամեն օր տեսնում եք՝ իշխանության դեմ բողոքի ակցիաներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ բողոքի ակցիա են իրականացնում, դիմում են, ասում են՝ մեր վիճակը սա է, հարգելի իշխանություն, մի քայլ կատարեք, հնարավորություն տվեք, ճոխություն չենք ուզում: Մարդիկ գնում են կառավարության դեմ բողոքում են, ո՞վ է իջնում լսում, ես չեմ ասում՝ թող վարչապետը իջնի, տվյալ ոլորտի մարդը թող իջնի: Եթե առաջ ասում էին՝ իշխանությունը դա ժողովուրդն է, ժողովուրդը ո՞նց կարող է բողոքի ակցիա անի, ժողովրդին չլսեք: Ժողովուրդն առավոտից իրիկուն կառավարության դիմաց կանգնած, որևէ մեկը դուրս չի գալիս, որ մարդը զգա՝ իր մասին մտածող կա, ինչի՞ համար դուրս չեն գալիս, դուրս կգան, բայց դրա պատասխանը չգիտեն, ոլորտը չեն տիրապետում և տվյալ խնդրի լուծումը չգիտեն: Պետք է կարողանան ծրագիր ներկայացնել, մարդիկ տեսնեն, համբերատար սպասեն, զգան, որ բոլորին նայվում է արդարացի աչքով, և բոլոր ոլորտներին եղած գումարը հավասարաչափ բաժանվում է, մարդիկ լիարժեք դրանով գոնե կարող են գոյատևել՝ մինչև արտակարգ իրավիճակը վերանա»:
Ծառուկյանը կրկին անպտուղ է համարել համավարակի դեմ պայքարը, ասելով՝ հիվանդին մեկուսացնում են, բայց դեղորայք չեն տալիս:
«Մեկուսացող մարդուն, կորոնավիրուսով հիվանդին՝ դեղորայք չեն տալիս, բժիշկ չեն տալիս: Բոլորս էլ գիտենք՝ այսօր բուժելու համար ամենացածրագույնը 250.000-300.000 դրամ է բուժումը, բայց մարդը, եթե չի աշխատում, 5 ամիս արտակարգ իրավիճակ է, մարդը տանը նստած է ու մեր հարգելի, ասենք թե, իշխանությունն էլ 5 ամիս նստած է, 1 ամիս տվել է 68.000: 68.000-ով մարդը մի ամիս իր գոյատևությունը կպահի՝ առանց կոմունալների, բայց 5 ամսվա տեղը 1 ամիս է ստացել, կամ հիվանդ մարդկանց, որ մեկուսացնում են, դեղորայքն ո՞վ է տալու, մարդը չի աշխատում, որտեղի՞ց: Պետք է հիմնական որոշում լինի, որ կորոնավիրուսով հիվանդներին այդ դեղորայքը տրամադրվի անվճար, որ մարդը կարողանա գոնե բուժում ստանա»: