«Մեզ 2 տարի խոստացան ավտոբուսներ, բերում են գազելներ». Դավիթ Խաժակյան

«Ապրիլի 28-ին հայտարարված 100 ավտոբուսների մրցույթը չի կայացել». պնդում է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նրա խոսքով՝ մրցույթը հայտարարվել է, սակայն հաղթող չկա:

«Եթե քաղաքային իշխանությունը հաշվետու է և հայտարարում է, որ հայտարարվել է 100 ավտոբուսների մրցույթ, պետք է ազնիվ գտնվի և ասի, որ այդ մրցույթը չի կայացել: Եթե մենք պետք է սպասեինք, որ մրցույթը պետք է կայանար, և գոնե եկող տարի այդ 12 մետրանոց ավտոբուսները պետք է գային, մրցույթը չի կայացել: Մրցույթը չեղյալ է հայտարարվել, հաղթող չկա»,- ասաց Խաժակյանը:

Հուլիսին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ համայնքի բյուջեի միջոցներով ևս 100 փոքր չափի ավտոբուս ձեռք կբերեն։ Դավիթ Խաժակյանը վստահեցնում է, որ մրցույթի տեխնիկական բնութագիրը հնարավորինս մանրամասն է, որպեսզի նեղացնի մրցույթի մասնակիցների շրջանակը, և այն գրված է մեկ ընկերության՝ «ГАЗель City» միկրոավտոբուսի չափորոշիչներին համապատասխան:

«Տարօրինակ է, բայց տեխնիկական բնութագրի մեջ նշված են նաև երկրաչափական չափերի պարամետրերը: Եթե դու ֆունկցիոնալությունը նշում ես, նստատեղեր նշում ես, չափերն ինչո՞ւ ես նշում, շատ պարզ, նշում ես, որպեսզի սահմանափակես, մյուսները չմասնակցեն, կամ հնարավորություն չունենան մասնակցելու, և հաղթի գազելը… Որ պատկերացնեք, թե ինչպե՞ս է այս տեխնիկական բնութագիրը կազմվել, ասեմ, որ, երբ համապատասխան աշխատողը ստացել է հանձնարարություն, որ պետք է սա կազմի, բնականաբար, ստացել է հանձնարարություն այնպես, որ պետք է գազելը հաղթի, նա էլ ինչ է արել, վերցրել է գազելի տեխբնութագրերը, որ հասկանա, թե ինչպե՞ս գրի քաղաքապետարանի մրցույթի բնութագրերը»,- ասաց Խաժակյանը:

Նախորդ տարի հուլիսին Երևանի քաղաքապետարանը ներկայացրեց տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը, որը կազմել էին բրիտանական WYG խորհրդատվական ընկերության պատվիրակության անդամները: Ըստ նախագծի՝ տրանսպորտային նոր ցանցում պետք է բացառվեն գազելները, իսկ ամենափոքր ավտոբուսը պետք է լինի 45-55 ուղևոր տեղափոխող ավտոբուս: Խաժակյանի խոսքով՝ այն ավտոբուսները, որոնց չափորոշիչներով գրվել է Քաղաքապետարանի տեխբնութագիրը, գազելներ են, որոնք տեղափոխում են 17 նստած և մի քանի կանգնած ուղևոր:

«Գործող գազելները հենց այդքան էլ տեղափոխում են, որովհետև մարդիկ ներսում ավելի շատ են կանգնած: Պարզապես նոր արտադրության գազել է, հա, մի քիչ ավելի գեղեցիկ է, քան նախկինը, ինչպես գեղեցիկ էր 2010-ինը, 2005-ինի համեմատ, ինչ-որ բան ավել, ինչ-որ բան պակաս»,- ասաց Խաժակյանը:

Նրա խոսքով՝ այս 100 գազելները չեն տեղավորվելու տրանսպորտային նոր ցանցի մեջ, քանի որ չեն համապատասխանում հավանության արժանացած չափանիշերին:

«Այս գազելը փոխարինելու է հին գազելներին: Ստացվում է, որ, եթե ժամանակին Մարությանը ասում էր, որ փոխելու են գազելները, խոսքը գնում էր հին գազելները նորով փոխարինելու մասին: Մեզ 2 տարի խոստացան ավտոբուսներ, բերում են գազելներ»,- ասաց Խաժակյանը:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարի խոսքով՝ այս «նոր գազելները» ունեն նաև դրական կողմ. Նախատեսված են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար:
Խաժակյանը հիշեցրեց նաև, որ այս տարի ամռանը 15 տարին լրացած 450 միկրոավտոբուս պետք է դուրս գար ցանցից, սակայն դուրս չի եկել, ինչն էլ վտանգում է դրանից օգտվողների անվտանգությունը:

Տեսանյութեր

Լրահոս